18:00 , 9 հունիս, 2014
Լուսնի հետ կապված մի շարք ժողովրդական առասպելներ կան: Համեմատաբար նոր հետազոտությունները ցույց են տվել, որ լուսնի պատճառով Դուք կարող եք կորցնել Ձեր քունը: Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են, թե որքան ամուր են հետազոտության կամավորներ մասնակիցները քնում լուսնի տարբեր փուլերի ժամանակ: Պարզվել է, որ լիալուսնի ժամանակ հետազոտության մասնակիցները միջին հաշվով մոտ 5 րոպե ավելի ուշ են քուն մտնում, և նրանց քնի ցիկլը մոտ 20 րոպեով ավելի կարճ է տևում: Հետազոտության մասնակիցներն անգամ տեղյակ էլ չէին, որ գիտնականներն ուսումնասիրելու էին նրանց քնի առանձնահատկությունները: Այս կամավորները արդեն երեք տարի տևող մեկ այլ հետազոտության մասնակից էին, որը կապ չուներ այս հետազոտության հետ: Նրանք 3-5 օր անցկացրել էին լաբորատորիայում, որտեղ վերահսկվում էին նրանց քնի առանձնահատկությունները: Հետազոտության ավարտից երկար ժամանակ անց ստացված տեղեկատվությունը համեմատվել էր լուսնի փուլերի հետ: Կամավորները հետազոտության ընթացքում գտնվել են լաբորատորիայի փակ պատերից ներս, որտեղից նրանք չէին կարող տեսնել լուսինը: Սա նշանակում է, որ հնարավոր չէ, որ նրանք ավելի երկար արթուն մնային լուսնի պայծառ լույսի պատճառով: Փաստորեն, լիալուսնի ժամանակ ինչ-որ ուրիշ բան կա, որը որոշակի ազդեցություն է գործում մեր օրգանիզմի վրա:

Մենք կիսաքուն վիճակում հաճախ հաղորդագրություններ ենք ուղարկում ու ստանում: Եթե ինչ-որ տարօրինակ նամակ ստանաք ինչ-որ մեկից գիշերվա կեսին, և հաջորդ օրը նամակն ուղարկողը Ձեզ հավաստիացնի, որ ինքը ոչինչ չի հիշում այդ մասին, հավատացեք նրան: Գուցե նա իրոք ճիշտ է ասում:
Նյու Յորքի համալսարանի գիտաշխատողները նշում են, որ գիշերները ինտերնետային հաղորդագրություն ուղարկող մարդիկ գտնվում են քնի ու արթուն վիճակի խաչմերուկում: Որոշ մարդիկ միանգամայն սահուն են գրում կիսաքուն վիճակում, իսկ մյուսները՝ վրիպակներ թույլ տալիս ու դանդաղ գրում: Սթրեսային և հոգնած վիճակում մարդիկ ավելի հակված են գիշերվա ընթացքում հաղորդագրություններ գրելուն: Խորհուրդ է տրվում պարզապես անջատել հեռախոսը և դնել մահճակալից բավականին հեռու: Կիսաքուն վիճակում ինտերնետային և հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ գիշերային զբաղմունքները, խոչընդոտում են խորը քունը:

Բոլորիս հետ էլ պատահում են դեպքեր, երբ անքուն գիշերվանից հետո ողջ օրը քնկոտ ենք լինում և անհամբերությամբ սպասում, թե երբ ենք ի վերջո պառկելու քնելու: Եթե այս դեպքերը հազվադեպ են, դրանք կործանարար հետևանքներ չեն թողնի, իսկ եթե անքնությունը խրոնիկ բնույթ է կրում, հետևանքները կարող են անդառնալի լինել: Եթե մարդ մի երկու օր ընդհանրապես չքնի, նրա մոտ հալյուցինացիաներ կսկսվեն, ճնշումը կտրուկ կբարձրանա, լարվածություն և հիշողության հետ կապված խնդիրներ կառաջանան: Շարունակական անքնությունը և քնի պակասը կարող է նաև գիրացման հանգեցնել, որոշ պահերի մարդ կարող է անսպասելիորեն գիտակցությունը կորցնել, էլ չենք ասում, թե դա ինչ անդառնալի հետևանքներ կարող է թողնել իմուն համակարգի վրա: Գրանցվել են դեպքեր, երբ երեք օր տևող անքնությունից հետո մարդիկ մահացել են: Հիշենք սպորտի երկրպագու Ջիանգ Հիաոշանի դեպքը, ով փորձեց արթուն մնալ ֆուտբոլի առաջնությունները դիտելու համար:

Արթուն վիճակում ծխի հոտ առնելով՝ մենք անմիջապես կստուգենք, թե արդյոք որևէ բան չի վառվում, մինչդեռ քնած ժամանակ մենք բոլորովին այլ կերպ ենք արձագանքում հոտերին: Ի տարբերություն բարձր ձայների՝ հոտերը մեզ չեն արթնացնում:
Բրաունի համալսարանի կողմից իրականացված հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտության մասնակիցների մոտ տարբեր հոտեր են գցել այն ժամանակ, երբ վերջիններս քնած են եղել: Խոր քնի ընթացքում նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հոտերին: Այս նույն հետազոտության շրջանակներում պարզ է դարձել, որ ձայները կարող են արթնացնել անգամ ամենախոր քնով տարված մարդկանց:

Մեզ այնքան էլ լավ հայտնի չէ, թե մենք ինչու քնի կարիք ունենք: Անշուշտ, կան մի շարք տեսություններ, սակայն դրանք այնքան էլ համապարփակ ու ամբողջական բացատրություն չեն տալիս: Քունը կենսական պահանջմունք է, առանց որի մենք ունակ չենք ակտիվ կենսագործունեություն ծավալելու:
Ըստ էներգիայի պահպանման տեսության՝ մեզ համար շահեկան է գիշերվա ընթացքում հնարավորինս անշարժ մնալ: Քնի շնորհիվ մենք կարողանում ենք պահպանել մեր էներգիան: Բավականաչափ քնելով՝ մենք մեր ուղեղին հնարավորություն ենք տալիս թարմացնել մեր հիշողությունները և ամրապնդել օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Քնած ժամանակ մենք ավելի քիչ ենք շարժվում և պահպանում ենք մեր էներգիան:
Շարունակելի...