19:24 , 2 օգոստոս, 2012Երբ ասում էի, որ Երևանը շատ է փոխվել, ընկերներիցս շատերը բացատրություններ էին փնտրում. կարոտել ես, լավ չես հիշում, տուրիստի աչքերով ես նայում և այլն: Դրա համար որոշեցի դրանք տեսանելի ու շոշափելի, կոնկրետ փոփոխությունների տեսքով ներկայացնել, որ ինքներդ էլ համոզվեք: Համեմատություններս անում եմ ոչ թե հունվարի, այլ անցյալ ամառվա հետ` հաշվի առնելով, որ ամռանն ամեն դեպքում Երևանն ավելի լավն է:
1. Մաշտոցի պուրակ
«Բուծիկների ժամանակ էնտեղ չէիր»,- կասեք դուք: Իսկ ես կասեմ, որ պայքարը ոչ միայն բուծիկները վերացրեց, այլև սիրուն այգի տվեց երևանցիներին: Չգիտեմ` ով է հիշում, թե ինչ վիճակ էր այնտեղ: Երկրորդ հիվանդանոցում դասի եղած ժամանակ ընդմիջումներին դուրս էինք գալիս ու չգիտեինք` որտեղ նստեինք, որ չկեղտոտվենք: Ու շատ լավ հիշում եմ, թե հենց անցյալ տարվա հուլիսին ինչ կեղտոտ ու փոշոտ էր այգին:
2. Նստարաններ
Հիշու՞մ եք ինչ ահավոր էր, երբ Երևանում զբոսնելիս հոգնում էինք կամ ինչ-որ մեկի հետ ժամադրված էինք, բայց նա ուշանում էր: Դես ես նայում, դեն ես նայում, նստելու տեղ չկա: Եթե մի կիսաքանդ նստարան էլ հայտնաբերում էիր, սովորաբար զբաղված էր լինում: Բա ի՞նչ, հոգնողներ էլի կային: Հիմա ամեն քայլափոխին հանդիպող նստարանները փրկում են մեզ հոգնելուց ու երկար ժամանակ ոտքի վրա մնալուց:
3. Դալաններ
Երևի արդեն ծընգըլ արեցի էս դալաններով. ում տեսնում եմ, անպայման դալաններից խոսում եմ: Բայց դե էդ քռչոտ, անգույն ու անհետաքրքիր տեղերը վերջապես տեսք են ստացել: Ավելին` մի բան էլ կանգնում, նայում ես: Իսկ դա քաղաքն ավելի ուրախ է դարձնում:
4. Երթևեկությունն ու հետիոտնը
Անհամեմատ կանոնակարգվել է: Ճիշտ է` էլի զարգանալու տեղ ունի, բայց արդեն շունչդ պահած չես անցնում փողոցը: Դրան ավելացնենք նաև խելքը գլուխը հավաքած հետիոտնին: Այլևս չես տեսնի փողոցի ցանկացած մասով անցնող անխելքների: Պարտադիր կանգնում են զեբրի մոտ, սպասում, որ կանաչը վառվի:
5. Պարտաճանաչություն
Հա, լուրջ, մարդիկ անհամեմատ պարտաճանաչ են դարձել: Չեղավ մի դեպք, երբ որևէ մեկը տասը րոպեից շատ ուշանա պայմանավորվածությունից, այն էլ այդ տասը րոպեն արդեն ենթարկվում է արդարացումներին. փողոցները փակ էին, խցանում էր և այլն:
6. Հեծանիվներ
Հեծանվորդները շատացել էին: Օր չէր լինում, որ քաղաքով զբոսնելիս մի քանի հեծանվորդի կամ խանութների ու սրճարանների դռանը կապած հեծանիվներ չտեսնեի: Ճիշտ է` հիմար հարցերիս վրա ծիծաղում էին (օրինակ` տուգանու՞մ են մութ ժամանակ առանց լույսերի քշելիս), բայց վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, մոտ ժամանակներս ստիպված կլինեն նաև հեծանվային երթևեկության հետ հաշվի նստել:
7. Տուրիստներ
Անհամեմատ շատացել էին տուրիստները: Կենտրոնով քայլելիս ինչ լեզու ասես չէիր լսի (անգամ հոլանդերեն եմ լսել):
8. Գրող-կարդացողներ
Հասարակական տրանսպորտում մարդիկ սկսել են կարդալ, հետևաբար գնահատում են իրենց ժամանակը: Իսկ սրճարաններում հաճախ տեսնում ես բլոկնոտի մեջ զանազան բաներ խզբզող ջահելների. էլ ամոթ չէ հասարակական վայրերում գրելը:
9. Փաբեր
Ցուցակիս մեջ երևի միակ կետն է, որ անցյալ տարվա հետ չեմ համեմատում, որովհետև անցյալ ամառ ժամանակ չունեի գիշերներն էստեղ-էնտեղ թրև գալու համար, բայց այս տարի արդեն տեսա, որ Երևանում ձևավորվել է փաբային մշակույթ, ու եթե ուզում ես ընկերներիդ հետ գնալ մի տեղ խմելու, ընտրությունդ Վեսթ-Տեխասով չի սահմանափակվում: Ավելին` տասներկուսը խփելուն պես չեն հայտարարում, թե փակվում ենք:
Երևի կարծում եք, թե փոքր բաներ են, բայց հենց էս փոքր բաներից է ամեն ինչ սկսվում: Ավելի ճիշտ, հենց էս փոքր բաներն են գումարվելու ու մեծ բան դառնան: Ես հավատում եմ դրան: