Մտքի ճամփորդական «փայլատակումներ»


15:41 , 2 օգոստոս, 2012

Պրահայից Բեռլին գալիս ձախում մայր մտնողն արևն էր, աջում` լիալուսինը: Մի պահ նույն գծի վրա էին ու էնքա՜ն սիրուն: Հետո արևը կարմրեց ու իջավ, լուսնի գունատությունը փոխարինվեց պայծառությամբ ու բարձրացավ:

***
Ճտտիկս փչացել է, սխալ ուղղությամբ է աշխատում: Առաջ, երբ ճամփորդությունից վերադառնում էի Երևան, Եվրոպայում անցկացրածս օրերը նմանվում էին երկարատև ու անիրական երազի: Հիմա հակառակն է. վերադառնում եմ Պոտսդամ, ու Երևանը հեռավոր երազ է թվում: Մի՞թե իսկապես հանդիպել եմ այդ բոլոր սիրելի մարդկանց ու վայելել նրանց ներկայությունը:

***
Ծանր ճամպրուկս մի կերպ կբարձրացնեմ վեցերորդ հարկ, որովհետև մեր ախմախ շենքը վերելակ չունի, կվառեմ միջանցքի լույսը, որովհետև կհասցնի հանգել դանդաղ բարձրանալու արդյունքում, դուռը կբացեմ, կմտնեմ ներս ու էլեկտրական պլիտան կմիացնեմ: Մի բաժակ սև սուրճ կսարքեմ ու կնստեմ գրասեղանիս մոտ, որտեղ համբերատար կսպասի հավատարիմ ու նվիրված սիրեկանս` միայնությունը: Ե՞րբ է ինձնից հոգնելու:

***
Վերադառնալն այնքան էլ վատ չէ: Փոստարկղումս երեք բացիկ ու երկու նամակ կար: Փռվել եմ գրասեղանիս մոտ ու հարց եմ տալիս ինձ. երջանի՞կ եմ արդյոք: