Հայաստանի ռուսական ռազմաբազայում անցկացվում են դիպուկահարների հավաքներ


14:50 , 6 հունիս, 2014

պն1in.am-ը գրում է.

Հայաստանում՝ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի բարձրլեռնային «Կամհուդ» ուսումնամարզական համալիրում, մեկնարկել են դիպուկահարների հրաձգային վաշտի զինծառայողների հետ անհատական նախապատրաստության ամսական հավաքները:

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը, նախապատրաստական պարապմունքների ընթացքում զինծառայողները կանցնեն մարտավարական և կրակային նախապատրաստության հատուկ կուրս՝ մասնագիտացված թիրախային դաշտում:

Դասաժամերի մեծ մասը կտրամադրվի անհատական նշանառության կանոների յուրացմանն ու թիրախների ընտրմանը՝ դիպուկահարի «Դրագունովա» և «Վինտորեզ» հրացանների կիրառամբ: Այս մասին փոխանցում է Regnum-ը:

Առաջին անգամ Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների նախապատրաստման պրակտիկայում կկիրառվեն տեղանքի որոշման եզակի սարքավորուներ՝ «Գրոտ» ԳԼՈՆԱՍՍ (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ)-նավիգատորներ:

Հավաքների նախաշեմին վաշտի հրամանատարի կողմից ռազմական հոգեբանների հետ անցկացվել է ապագա դիպուկահարների ընտրություն՝ ավելի քան 3000 զինվորից, ովքեր եկել էին բոլոր ռազմական շրջանների զորամասերից:

Գործընթացը եղել է փուլային և բազմամակարդակ, նախապատվություն է տրվել նրանց, ովքեր բնավորությամբ ավելի տոկուն են և անվրդով: Արդյունքում ընտրվել են 50 զինծառայողներ՝ էլիտար ստորաբաժանման կազմում ծառայություն անցնելու համար: