12:04 , 6 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հայաստանում այսօր մեկնարկեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել է 8000 դիմորդ: Հանրապետությունում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը` Երևանում:
Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ: Նախարարը նախ ողջունեց դիմորդներին, ապա` հերթով մոտեցավ, հետաքրքրվեց, թե ով որտեղ է դիմել, ինչպես է պատրաստվել և ինչ տրամադրություն ունի:
Նա դիմորդներին խորհուրդ տվեց չլարվել, չհուզվել, կենտրոնանալ միայն թեստերի վրա:
Նախարարի հարցին, թե դժգոհություններ ունեն, դիմորդներից մեկն ասաց, որ հայերենի թեստերը բավականին բարդ են, իսկ շտեմարաններում էլ վրիպակներ կան: Աշոտյանը պատասխանեց. «Նորմալ է, որ հայերենի թեստերը դժվար են, սակայն հիշեք, եթե ծրագրից դուրս հարցադրումներ լինեն, կամ որևէ բան այնպես չեղավ, բնականաբար, մասնագիտական քննարկումների արդյունքում որոշումները կայացվելու են բացառապես հօգուտ դիմորդների»:
Իսկ ինչ վերաբերում է վրիպակներին, նախարարը վստահեցրեց, որ թեստերում վրիպակներ չեն լինի. «Անհոգ եղե’ք, թեստերում կլինեն բացառապես ճիշտ հարցադրումներ»:
Դիմորդներից մեկն էլ, ով պատրաստվում է լրագրող դառնալ, նախարարին ասաց, որ հայոց լեզվի քննությունը չպետք է թեստով լինի, քանի որ այսպես ավելի հեշտ է: Ա. Աշոտյանը ապագա լրագրողին խորհուրդ տվեց հետագայում այդ մասին գրել. «Թեև այդ ժամանակ նախարար չեմ լինի, բայց միասին կպայքարենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ