11:47 , 6 հունիս, 2014
Երեկ իմ լավ ընկերներից David Sanasaryan-ը խոսեց սահմանին ադրբեջանական կողմի ակտիվությունից և տեսակետ հայտնեց, որ դրանով ազերները ցանկանում են անընդհատ լարվածության և խուճապի մեջ պահել հայ ժողովրդին, ինչը երկարատև ժամանակահատվածում կստիպի ԱՎԵԼԻ ՇԱՏ հայորդիների լքել երկիրը, քանզի չենք ունենա ապահովության զգացում:
Հետաքրքիր տեսակետ էր, խոստովանեմ, որ այն իմ մտքով երբեք չէր անցել: Հիմա եկեք ընդունենք, որ վերոնշյալն իսկապես Ադրբեջանի քաղաքականությունն է, և այսուհետ նրանք այս կերպ են վարվելու: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց ադրբեջանցիները հասկացան, որ սահմանային մեկ միջադեպն այնգամ մեծ իրարանցում է առաջացնում Հայաստանում (մեծամասամբ՝ զայրույթ, մի մասի մոտ նաև վախ). դե, իհարկե, հայկական տարատեսակ լրատվական կայքերից, դե, իհարկե, այն բանից հետո, երբ Տավուշի մեկ կրակոցն անգամ հայկական մամուլը ներկայացնում է որպես ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆ, դնում են դաժան և իրականության հետ որևէ կապ չունեցող վերնագրեր, իրարանցում է առաջացնում սոցիալական ցանցերում, և ամենավատն այն է, որ այս ամենն ունի մեկ նպատակ՝ կայքի մուտքերի թիվն ավելացնելը: Համաձայնեք, որ երբ թուրքը գտել է մեր հասարակության հոգեվիճակի վրա ազդելու միջոցը, ապա նա անընդհատ կօգտագործի դա, և այդպես էլ անում է: Ստացվում է, որ պետական իշխանությունը մեղավոր այնքանով, որ օրենսդրական մակարդակով չի կարգավորել նման հարցերը, որ սահմանին, զենքին ու զինամթերքին վերաբերող հարցերի շուրջ նույնիսկ չկա պետական վերահսկողություն, չկա պետական գաղտնիք: Կարծում եմ՝ ՀՀ ՊՆ-ն պետք է այս հարցը լրջագույնս քննարկման առարկա դարձնի և շատ արագ օրենսդրական կամ անձնական նախաձեռնությամբ պարզի իր հարաբերությունները ԶԼՄ-ների հետ, որպեսզի մենք մեր գլխին փորձանք չբերենք: