Հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ բրուցելոզով 80 հիվանդ. ԱՆ


22:26 , 4 հունիս, 2014

arm1395753570851in.am-ը գրում է.

Հանրապետության մարզերում, մասնավորապես Կոտայքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Արմավիրում, Շիրակում առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:

Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները կատարում են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։ Բնակչության շրջանում, մասնավորապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար:

Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ:

Բոլորի մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։ Բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների ախտահանում:

ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցառումների արդյունքում իրավիճակը վերահսկելի է: