13:42 , 4 հունիս, 2014Հենց այսպիսի խորագրով առաջնորդվեցին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները, երբ որոշեցին կազմակերպել հերթական միջոցառումը։ Սուրբ Մարիանե եկեղեցուց սկսած երիտասարդները թեթև վազքով ուղևորվեցին դեպի Օշական գյուղ, որտեղ նախատեսվում էր մաքրել կուտակված տնտեսական աղբից Հայ Գրերի հուշարձանին կից տարածքը։
Միջոցառման առաջնային նպատակներից էր կտրվել առօրյա նստակյաց կյանքից, համակարգիչներից և հեռուստացույցներից և սպորտային վազքի միջոցով ոչ միայն բարելավել ֆիզիական առողջությունը, այլ նաև յուրօրինակ ձևով բնակչության ուշադրությունը գրավել շրջական միջավայրին խնամքով վերաբերվելու խնդրի վրա։ Բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչքան տնտեսական աղբ է կուտակվում հանգստյան համար առավել գրավիչ վայրերում։ Սակայն ոչ բոլոր հանգստացողներն են տեղյակ այն վնասի մասին, որ հասցվում է բնությանը պլաստիկ շշերի, պոլիէթիլենային տոպրակների և տնտեսական այլ թափոնների միջոցով, որը հետագայում անդառնալի հետևանքներ է ունենում մեր և մեր երեխաների առողջության համար։

Հիշեցնենք, որ տնտեսական աղբը վերամշակվում է միայն արտադրական կամ հալեցման եղանակով, իսկ բնության մեջ պլաստիկի քայքայումը տևում է 400 տարի, ալյումինինը` 200, պոլիէթիլենային արտադրանքինը` 20-100 տարի, ծխախոտի մնացորդինը` 1-5 տարի, ապակե տարայինը` 1 մլն տարի։
Մաքրության աշխատանքները իրականացնելուց հետո երիտասարդները միասնական ճաշի, հանգստի և զրույցի միջոցով նաև հիանալի ժամանակ անցկացրեցին բնության գրկում։ Քննարկումներ ընթացան մեր միջավայրը մաքուր պահելու ուղղությամբ յուրաքանչյուրի ներդրման և պատասխանատվության մասին, ինչպես նաև «Սպորտը և հոգևոր կյանքը» թեմայով։

Միջոցառումը ավարտվեց դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի ոտքով ուխտագնացությամբ։
Այս միջոցառումը մի փոքրիկ փորձ էր` ամառային հանգստյան շրջանին ընդառաջ, ցույց տալու մեզանից հետո միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը, քանզի ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ, իսկ ողորմությունը մեզ ամենաշատն է նմանեցնում Աստծուն։Ալմաստ Մուրադյան




