Մեր երկիրը հայերի հայրենիքից վերածվում է հայերի ամառանոցի, ուր կարելի է գալ, քյաբաբ ուտել ու գնալ


12:36 , 4 հունիս, 2014

Հայաստանում տնտեսական աշխուժություն չկա, շատ պատկերավոր ասած, փոքր ու միջին խանութներից առևտուր անող չկա, և ամենավատն այն է, որ սկսած 2009թ.-ից առևտրի ծավալներն անկում են ապրում: Գոնե ես գիտեմ, թե մեր թաղի քանի փոքր խանութ այս տարիների ընթացքում փակվեց, և տերերն արտագաղթեցին ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և նույնիսկ Վրաստան: Հիմա շատերդ կասեք, որ սուպերմարկետները խեղդեցին փոքր ու միջին խանութներին. իհարկե, դա այդպես է, բայց այստեղ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս՝ մարզերում խոշոր սուպերմարկետներ չկան, և այնտեղ առևտուրը հնարավորինս դիվերսիֆիկացված է, բայց խանութները շարունակվում են փակվել: Այս ամենի պատճառը սոցիալական ծանր վիճակն է երկրում, մարդիկ արտագաղթում են ընտանիքներով, ու արտագաղթած ամեն ընտանիքի հետ միասին պակասում է շրջանառությունը մեր երկրում: Կամաց-կամաց երկիրը հայերի հայրենիքից վերածվում է հայերի ամառանոցի, որտեղ կարելի է գալ, լավ քյալլա, քաբաբ, խաշ ուտել, մի երկու հայրենասիրական կենաց ասել ու գնալ գործերով: Կարծում եմ` ողբերգություն է հասունանում, իսկ ելք հաստատ կա, ամեն դժվար իրավիճակում էլ ելք կա, բայց այդ ելքը գտնելու համար նախ բարձրագույն ղեկավարությունը վիճակի մասին պետք է ստանա ՀՍՏԱԿ տեղեկություն, ԱԱԾ-ի, ոստիկանության և մամուլի միջոցով բարձրագույն ղեկավարությանը հասնող տեղեկությունները պետք է լինեն հնարավորինս օբյեկտիվ և զերծ մուտիլովկաներից: Կեցցե այն աշխատողը, որ իր ղեկավարին կասի ճշմարտությունը՝ չնայած, որ ճշմարտությունն ասելով, նրա անձը հաստատ կտուժի: Համախմբվել է պետք, ավելի ճիշտ՝ ՀԱՄԱԽՄԲՈՂ է պետք: