Հոգեհարազատ, բայց անիրական պահանջներ


16:38 , 3 հունիս, 2014

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի վերջաբանում ասված է` 
1. Պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.
2. Կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո. 
3. Կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:
Միանգամից նկատեմ, որ ինձ հոգեհարազատ են այս պահանջները ու, եթե այս պահին ընտրություններ լինեին, ես իմ քվեն կտայի հենց այն ուժին, որը հանդես է գալիս նման պահանջներով:
Այնուամենայնիվ, նկատեմ, որ այս պահանջները ներկա իրավիճակում իրատեսական չեն:
Հայ-ռուսական հարաբերությունների առնվազն վերջին 17 տարվա դինամիկան թույլ չի տալիս, որ Հայաստանի իշխանությունը կարողանա նման համարձակ որոշում կայացնել: Սրան գումարենք ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ու քաղաքական համակարգի որակը:
Ու ևս մեկ տխուր իրականության մասին: Մեր հասարակության գերակշիռ մասը կամ անտարբեր է այս հարցում, կամ նույնիսկ խրախուսում է ռուսական պրոյեկտներին մեր երկրի մասնակցությունը:
Այստեղ առկա են ոչ միայն պատմական կարծրատիպերի, այլ նաև մեր քաղաքական ուժերի ոչ բավարար գործունեության գործոնները:
Տխուր է, բայց փաստ, որ այսօր մեր հասարակությունը չի համախմբվելու երկրի անկախության գաղափարի շուրջ կամ ռուսական կայսերականության դեմ: