14:41 , 3 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մուտքի արտոնագիր ստանալու համար Հայաստանից 10 մարդ է դիմել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն՝ Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանն ընդառաջ:
«Տխուր է վիճակագրությունը , մենք 10 վիզա ենք տվել հայերին, այսինքն՝ այդքան մարդ է դիմել»,- ասաց բրազիլացի դիվանագետը՝ մանրամասնելով, որ դիմածներից 2-ը Բրազիլիա տոմսերը շահել են առևտրային բանկերից մեկի խաղարկությամբ, իսկ մեկն էլ կամավոր է, որն իր ծախսերով մեկնում է Բրազիլիա՝ ծրագրեր իրականացնելու համար:
Արդյո՞ք անվտանգ է Բրազիլիայում արձակուրդներ անցկացնելը, քանի որ այդ երկիրը գլխավորում է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը՝ մեկ շնչին ընկնող հանցագործությունների կտրվածքով: Ի պատասխան՝ դեսպան Մոնտեյրոն նշեց, որ ամեն անգամ հայ զբոսաշրջիկներն իրեն այդ հարցը տալիս են, ինչին ինքն ամեն անգամ պատասխանում է, որ տեղեր ու վայրեր կան իր երկրում, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գիշերը լինելը որոշակի վտանգներ է պարունակում՝ ինչպես գողությունների, այնպես էլ ավելի բարդ իրավիճակների առումով:
«Մենք միշտ ասում ենք, որ դուք պետք է ուշադիր լինեք, քանի որ զբոսաշրջիկները միշտ ուշադրություն են գրավում տեղի բնակչության կողմից՝ ունենալով որոշակի իրեր, կամերաներ և այլն»,- ասաց նա։
Այնպես որ, դեսպանը խորհուրդ տվեց գիշերն անծանոթ վայրերում չլինել: Նա հավելեց, որ այս տարի իր երկիրը կհյուրընկալի 600 հազար զբոսաշրջիկի, որոնց հիմնական մասը Միացյալ Նահանգներից է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ