Բարաք Օբաման այցով ժամանել է Լեհաստան


12:58 , 3 հունիս, 2014

10059088341in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցով ժամանել է Լեհաստան, հայտնում է Ria Novosti-ն:

Օբամային ողջունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Հենց օդանավակայանում ԱՄՆ և Լեհաստանի նախագահները կհանդիպեն F-16 կործանիչների լեհ և ամերիկացի ռազմական օդաչուների հետ:

Երեքշաբթի ցերեկը ԱՄՆ նախագահը կբանակցի Կոմորովսկու հետ, նաև կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: ԱՄՆ ղեկավարը կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների հանդիպմանը: Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն ուկրաինական ճգնաժամը, Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, տարածաշրջանում անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության հարցեր, ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին պատրաստվելու հարցեր:

Չորեքշաբթի օրը ծրագրված է Օբամայի հանդիպումն Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հետո ԱՄՆ-ի և Լեհաստանի նախագահները 1989 թվականին Լեհաստանում տեղի ունեցած՝ մասամբ ազատ առաջին խորհրդարանական ընտրությունների 25-ամյակի կապակցությամբ ելույթ կունենան Վարշավայի Զամկովայա հրապարակում: Միջոցառմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի և Լատվիայի նախագահները: Ընդհանուր առմամբ մոտ 40 պետություն Լեհաստան կուղարկեն իրենց պատվիրակությունները:

1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվել են կոմունիստական բլոկում առաջին խորհրդարանական ազատ ընտրությունները, որոնք սկիզբ են դրել փոխակերպման գործընթացին: Դրանք անվանում են մասնակի ազատ, քանի որ Սեյմում (ստորին պալատ) տեղերի 65%-ն ամրագրվել է Լեհաստանի միավորված աշխատավորական կուսակցության և սատելիտների կուսակցությունների համար: