23:54 , 2 հունիս, 2014Esem.am-ը գրում է.
Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, բուռն արձագանք ունեցավ: Այն հուզեց և արժանացավ անգամ այն մարդկանց դրական արձագանքին, ովքեր Քրիստինե Պեպելյանի և, առհասարակ, հայկական էստրադայի երկրպագուն չեն: Շատերը հետաքրքրվում են՝ ո՞ւմ էր նվիրված այս տեսահոլովակը:

ESem.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իրեն էլ են շատ տալիս այդ հարցը: «Նպատակը չի եղել սա անել կոնկրետ մեկի համար: Սակայն ես էլ իմ կորցրած ընկերներին եմ նվիրել այն, երգելիս իմ ընկերներին եմ հիշում՝ Վարդուհի Վարդանյանին, Մարկ Սաղաթելյանին… բոլոր նրանց, ովքեր գնացին ժամանակից շուտ: Սա ընդհանուր մեծ գաղափար է: Ես էլ երգում եմ իմ կորցրած ընկերների համար, այն ընկերներիս համար, ովքեր այսօր կողքիս են, սիրում ու փայփայում եմ իրենց, փորձում եմ լավ ընկեր լինել նրանց համար»,- ասաց Քրիստինեն, ով շատ է հուզվել դրական մեկնաբանություններից:

Երգչուհին լիահույս է սպասել այս տեսահոլովակին, երկար ու մանրակրկիտ պատրաստվել: Նա նշեց, որ մոտ 3-4 ամիս միայն խոսել են ռեժիսորի հետ, ինչից հետո միայն սկսել են նկարահանումները: «Այնքան էմոցիաներ ունեի սրա հետ կապված: Սա այն բացառիկ դեպքն է եղել, երբ հետևել եմ բոլոր լրատվամիջոցներում տեղ գտած բացառապես բոլոր մեկնաբանություններին (սովորաբար ես այդպես չեմ անում, կարելի է ասել, անգամ, անուշադրության եմ մատնում դրանք): Կատարվեց մի շատ հետաքրքիր բան. այդ լավ մեկնաբանություններից վատացավ իմ ինքնազգացողությունը… այնքան հուզվեցի… մարդիկ գրում էին, որ արտասվում են երգից, տեսահոլովակից, իսկ ես արտասվում էի այդ քոմենթները կարդալուց: Գրողների մտքով երևի չի էլ անցնում, որ արտիստը կարող է կարդալ իրենց քոմենթն ու իր ամբողջ օրը փոխվի դրանից»,- ասաց Քրիստինեն՝ հավելելով, որ չի հանդիպել բացասական մեկնաբանությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ