«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն առայժմ օրակարգում չէ». Անգելա Մերկել


21:24 , 2 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն այժմ օրակարգում չէ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Մերկելի կարծիքով՝ այդ թեման չի լինի նաև ՆԱՏՕ-ի՝ Ուելսի Քարդիֆ քաղաքում սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում:

Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ «մենք տեսնում ենք այն առաջընթացը, որին ձգտում է Վրաստանը»: Նա նշել է նաև, որ նախկին խորհրդային հանրապետությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մի շարք գործողությունների ու միջոցառումների: Այդպիսով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովում պարզորոշ կարձանագրվի, որ «Վրաստանը լավ գործընկեր է»,-հավելել է Անգելա Մերկելը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: