Հարց իրավաբանին. Ո՞րն է տիրազուրկ գույքը, և ի՞նչ կարգով է գույքը ճանաչվում տիրազուրկ


20:00 , 2 հունիս, 2014

Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով: Սակայն սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ: Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Տիրազուրկ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության: Այսինքն, շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու համար դատարանում պետք է հիմնավորվի սեփականատիրոջ կողմից այդ գույքը դեն նետելը: Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ:

Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:

Դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին:

Տաթև Շալջյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

 Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: