16:59 , 2 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:
«Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին, և մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի ղեկավարությամբ, դրսևորում է անհրաժեշտ կամք և սկզբունքայնություն՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, Հայաստանի միջազգային ներգրավվածության ամրապնդմանը»,- դիմելով դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը և Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:
«Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով:
Առաջնային են նաև համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ