Ռազմածովային նավաստու հուզիչ անակնկալն իր կնոջը. 241 սիրային նամակ՝ միայնակ անցկացված յուրաքանչյուր օրվա համար


17:58 , 2 հունիս, 2014

Saying Goodbye - Taken by Shawn O Hara of the Lookout Newspaper

Գարնանը Քրիստալ Մաքսվելն իմացավ, որ իր ամուսինը պետք է զինվորական ծառայության մեկնի: Նա չկարողացավ զսպել արցունքները: Նրա ամուսին Դևին Մաքսվելը պետք է մի քանի ամիս անցկացներ Միջին Արևելքում: Նրանք ամուսնությունից ի վեր այսքան երկար ժամանակով դեռևս երբեք չէին բաժանվել իրարից: Կանխատեսելով, որ իր կինը ցավագին էր արձագանքելու այդ լուրին, Դևինը մի ծրագիր մշակեց, որը թույլ կտար մեղմել կնոջ թախիծը: 25-ամյա Քրիստալը և 26-ամյա Դևինը հանդիպեցին 2009 թ. դեկտեմբերին: Նրանց մի ընդհանուր ընկեր էր ծանոթացրել: Տարիներ անց Քրիստալը վերհիշել է.

 Նա շատ ավելի գեղեցկադեմ էր, քան ես ակնկալում էի:  Նա իր զինվորական համազգեստով էր: Հետո նա փոխեց համազգեստը և կոստյում հագած եկավ ինձ պարի հրավիրելու: Ես շարունակ նայում էի նրան ու մտածում, որ սիրահարվել եմ:

Երեկոն շատ ռոմանտիկ մթնոլորտում անցավ: Քրիստալն ու Դևինը 4 ժամ շարունակ վալս էին պարում: Մի քանի շաբաթ հանդիպելուց հետո հնչեց ամուսնության առաջարկությունը: Նախքան ամուսնանալը Դևինը դիմեց Կանադական թագավորական բանակի ռազմածովային նավատորմ՝ այնտեղ ծառայելու համար: Այս նոր պաշտոնը զբաղեցնելու համար նա ստիպված կլիներ ուղևորվել Վիկտորիա: Առաջին հանդիպումից 4 ամիս անց՝ 2010 թ. մայիսին, զույգն ամուսնացավ: Ամուսնությունից անմիջապես հետո նրանք միասին տեղափոխվեցին Վիկտորիա: Կարճ ժամանակ անց Դևինին ուղարկեցին Արաբական ծով՝ այնտեղ ռազմական առաքելություն (մասնավորապես «Արտեմիս» օպերացիան) իրականացնելու: Ամուսնուն ճանապարհելուց հետո Քրիստալը գնաց աշխատանքի՝ հուսալով, որ գոնե աշխատանքը կօգնի ցրվել և մոռանալ բաժանման ցավը: Գրասենյակ ժամանելուց մոտ 30 րոպե էր անցել, երբ նրա սենյակ ծաղիկների շքեղ փունջ բերեցին:

The flowers he had delivered to my office

Քրիստալը դրա մեջ մի գեղեցիկ բացիկ գտավ, որում գրված էր.

«Ես սիրում եմ քեզ և ամեն վայրկյան կկարոտեմ քեզ: Երբ տուն գնաս, բացիր իմ դարակը: Դու մի սև արկղ կգտնես այնտեղ: Հետևիր ցուցումներին և հիշիր, որ դու երբեք միայնակ չես»:

Front of the card

Տուն հասնելուն պես նա բացեց դարակը և այնտեղ մի մեծ արկղ գտավ:

Back of the card

Արկղի մեջ 241 ծրար էր դրված: Ծրարներից յուրաքանչյուրի մեջ մի սիրային նամակ էր: 241 թիվը պատահական չէր ընտրված: Նրանց բաժանումը հենց 241 օր էր տևելու: Դևիսը ցանկացել էր իր կնոջ յուրաքանչյուր միայնակ օրը թեկուզ հեռվից լցնել իր ներկայությամբ: Արկղի վրա գրված էր.

Ես այս կերպ ամեն օր կհիշեցնեմ քեզ, թե որքան շատ եմ քեզ սիրում:

241 Envelopes, 241 Cards

Հետագայում Քրիստալն ասել է, որ ինքը միայն այդ պահին է գիտակցել, որ իր ամուսինն իրենից հեռու է լինելու ամբողջ ութ ամիս, սակայն նա այնպիսի անակնկալ էր պատրաստել իր համար, որը կօգներ իրեն մի կերպ գլորել այդ երկարուձիգ ամիսները:

Դևինը դեռևս մայիսի վերջերին էր սկսել ծրագրել այդպիսի անակնկալ մատուցել իր կնոջը: Նամակները գրելու համար մոտ 2 շաբաթ էր պահանջվել: Դևինն ասում է, որ երբեմն օրը 5 ժամ էր ծախսում նամակագրության վրա: Նա սկսում էր գրել այն ժամանակ, երբ Քրիստալը աշխատանքի էր լինում, որպեսզի նա հանկարծ նախապես գլխի չընկներ անակնկալի մասին: Քրիստալը որոշեց ինտերնետում տեղադրել այս գեղեցիկ պատմության մասին վկայող լուսանկարները: Նրա մտքով էլ չէր անցնում, որ այդ լուսանկարները 26.6 միլիոն դիտում և ավելի քան 2,000 մեկնաբանություն կհավաքեն:

Day #1

Իր առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո Դևինը վերադարձավ ընտանիքի գիրկը: