10 պատճառ, թե ինչու չեմ ուզում Հայաստանում ապրել


13:53 , 29 դեկտեմբեր, 2011

10. Հասարակական տրանսպորտը. մեր քաղաքում գործող երթուղայիններն իրարից անկախ են, աշխատում են ոնց քեֆները փչի, ու քաղաքապետարանը ստից-մտից շտկումներ հազիվ անի: Իսկ ես ուզում եմ հասարակական տրանսպորտի ցանց, մեծ ավտոբուսներ ու տրամվայներ, մշտական տոմս գնելու հնարավորություն:

9.Երթևեկությունը. մեր կատաղած երթևեկության պատճառով երբեք չես իմանա` փողոցի հանդիպակաց մայթին կհասնես, թե չէ: Էլ չեմ ասում, որ հեծանվով շրջելը գրեթե բացառված է. հատուկ ճանապարհներ չկան, իսկ մեքենաները սովոր չեն իրենց կողքով շարժվող հեծանվորդների տեսնելու:

8. Անպարտաճանաչությունը. չեք պատկերացնի, թե ոնց է ներվերիս վրա ազդում: Հա փորձում եմ ինձ հանգստացնել, թե` մարդիկ քեզնից տարբեր ձևով են ժամանակն ընկալում, ինքս ուշանալ պայմանավորված լինելու դեպքում, բայց դե էլի չի ստացվում: Ուղղակի ներվայնանում եմ:

7. Արտաքնապաշտությունը. մեր ազգը մի կուռք ունի, որի անունն է արտաքին տեսք: Եթե մեկին տեսնես, անհնար է, որ արտաքինիդ մասին որևէ կարծիք չհայտնի, նույնիսկ եթե դա արվել է ամենաբարի մղումներից ելնելով: Կլինի՞ նոր հագուստը, քաշի փոփոխությունը, սանրվածքը եթե նույնիսկ նկատում եք, ձեր մեջ պահեք: Իսկ «բարով մաշես» արտահայտությունն էս երևույթի տիպիկ օրինակներից է:

6. Խաբված լինելը. որ կողմ նայում ես, քեզ խաբում են: Տաքսու վարորդը խաբում է, թե մանր չունի: Հայաստանում աճող միրգ-բանջարեղենը շուկայում վաճառում են աստղաբաշխական գներով` զանազան պատճառներ բռնելով: Ու ես անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի Հոլանդիա վերադառնամ, որ մի կուշտ պոմիդոր-վարունգ ուտեմ:

5. Տղամարդիկ. սև հագնող, անթրաշ, քրտնահոտով ու կանանց խաղալիքի տեղ դնող տղամարդիկ:

4. Անպատասխանատվությունը. եթե մեկին որևէ բան է հանձնարարվել, երբեք չգիտես` կանի, թե ոչ: 

3. Գնահատել չիմանալը. մեր երկրում գնահատել, սևը սպիտակից տարբերել չգիտեն: Գուցե պատճառը ծանոթ-բարեկամ առաջ տանելն է կամ այն, որ գնահատողներն իրենք ի սկզբանե էդ տեղում չպիտի լինեին: Բայց արդյունքում` գործի որակը խիստ տուժում է, իսկ լավագույնները հեռանում են Հայաստանից:

2. Իրենց գործով չզբաղվելը. յուրաքանչյուր ոք կարծում է, թե քո գործը քեզնից լավ կաներ, նույնիսկ եթե դրա համար համապատասխան կրթություն և փորձ չունի:

1. Ապահովության զգացողության բացակայությունը. էստեղ չգիտես` վերջդ ինչ է լինելու: Գուցե լավ աշխատանք ունես ու լավ վարձատրվում ես, բայց մի օր կարող ես ինչ-ինչ պատճառներով կորցնել աշխատանքդ ու գործազուրկ դառնալ կամ աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով` չկարողանալով բավարարել տարրական պահանջներդ: Կամ (Աստված չանի) որևէ հիվանդություն կարող է թակել դուռդ, իսկ բուժման գինը չհամապատասխանի գրպանիդ:

Հ.Գ. Մի հատ էլ կգրեմ` 10 պատճառ, թե ինչու եմ ուզում Հայաստանում ապրել, որ ամեն ինչ շատ սև չթվա: