16:52 , 30 մայիս, 2014
Հիմա էլ ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի իրենց աղբյուրներին, հաղորդում են, թե սիրիական հակամարտությանը հակակառավարական ուժերի կազմում մասնակցած մոտ 300 ուկրաինացի վարձկաններ ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին վերադարձել են հայրենիք, ներգրավվել ծայրահեղական «Աջ սեկտորի» շարքերում և մասնակցում են երկրի հարավ-արևելքում ուկրաինական ուժային կառույցների կողմից իրականացվող պատժիչ գործողություններին:
Մոսկվայից այսօրինակ տեղեկատվության տարածումը, ըստ իս, երկու հանգամանքի մասին է ակնարկում.
1. Ուկրաինական իշխանություններն անմիջական կապ ունեն ինչպես դեպի Սիրիա մեկնող իրենց քաղաքացիների, այնպես էլ ուկրաինական ազգայնականների հետ և հնարավորության սահմաններում ուղղորդում են նրանց գործողությունները:
2. Ուկրաինական անվտանգության ծառայությունները, հսկողություն սահմանելով սիրիական պատերազմի մասնակից սեփական քաղաքացիների վրա, գործարք են առաջարկում նրանց՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ զինուժի հատուկ գործողություններին մասնակցելու պայմանով:
Ի դեպ, այս վերջին տարբերակին նման քաղաքականություն են իրականացնում նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունները. նրանք խոստանում են կալանավայրերից ազատ արձակել դատապարտյալներին, եթե վերջինները համաձայնեն մեկնել Սիրիա և մասնակցել Բաշար ալ-Ասադի դեմ մղվող «ջիհադին»:
Ինչևէ, ՌԴ ԶՈՒ ԳՇ-ից տեղի ունեցած տեղեկատվության կամ ապատեղեկատվության արտահոսքը, որի նպատակն ուկրաինական իշխանություններին համակողմանի հեղինակազրկելն է, առավելապես ակնհայտ քարոզչական հնարք է: