13:52 , 30 մայիս, 2014
Մանկության ընկերներն, իհարկե, երբեք չեն մոռացվում, մանավանդ, երբ այն դառնում է դեռահաս, հասուն ու մեծ ընկերություն:
Երբ մենք սովորում էինք կրթսեր դպրոցում, ես միշտ հիանում էի նրա հասակով, որովհետև նա իմ ամենամոտիկ ընկերն էր և մի բան պետք է հորինեի, որ սիրեի նրան: Երբ նա ռուսաց լեզվի ոչ լիարժեք դասեր էր սովորում մեր տանը, ես միշտ գրում էի առաջինն ու տալիս էի, որ նա արտագրեր, որովհետև ուզում էի, որ նա էլ իմ բարությունը սիրեր, որովհետև ես բարձր հասակ չունեի: Երբ իմ ծննդյան օրն էր, ես միայն հասակը չէ, որ սիրում էի, նաև նրա նվիրած խաղալիքները, իսկ ամենավառ հիշողությունը կապիկն էր, որը մշտապես մահճակալիս կենտրոնում էր, իսկ հիմա՝ չգիտեմ:
Եվ վերջապես, երբ նա լքեց մեր երկիրը, ես դրա մասին նույնիսկ չէի էլ մտածում, որովհետև չգիտեի, որ նրան էլ չեմ տեսնելու, դպրոցի երկար ու դժվարանցանելի ճանապարհը անցնելու եմ մենակ, ու ոչ ոք չի լինելու կողքիս, որ նայեմ նրան ու հիանամ հասակով. նա իմ միակ ու ամենամոտիկ ընկերն էր:
Անցան տարիներ, և մի անգամ հեռավոր Ֆրանսիայից զանգ եկավ մեր տուն ու իմ բարձրահասակ ընկերը իր նույն մանկական ամաչկոտությամբ սկսեց անիմաստ խոսել ընդամենը 10 վայրկյան, իսկ հետո մեկ, երկու, երեք ու չեմ էլ հիշում, թե քանի րոպե նա լռեց. ես էլ էի լռում, որովհետև ասելիք չունեի, որովհետև հեռախոսով ես նրան չէի սիրում, որովհետև չէի տեսնում այն, ինչը սիրում էի:
Դա եղավ առաջին ու նախավերջին զանգը, իսկ վերջինը ես նույնիսկ չեմ էլ հիշում…
Ժամանակ առ ժամանակ ես հիշում էի նրան, հիշում էի, երբ դուրս էի գալիս այդ դպրոցից, հիշում էի, երբ պատահաբար փողոցում հանդիպում էի դասընկերներիս, հիշում էի, երբ կապիկին ամեն գիշեր դնում էի պահարանիս վրա ու ամեն առավոտ նա նորից զբաղեցնում էր իր պատվավոր տեղը:
Ես, իհարկե, չէի էլ ակնկալում, որ մի օր կարող եմ նորից ընկերանալ նրա հետ, որ ամեն ինչ դեռ կորած չէ, բայց արի ու տես, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Քսանմեկերորդ դարյան այս համացանցային ժամանակները փաստորեն կորածը կարողանում են վերադարձնել, ինչպես որ իմ՝ արդեն ավելի բարձրահասակ ու արդեն ամբողջովին ամոթը կորցրած ընկերոջը:
Այժմ մենք նորից լավ ընկերներ ենք, գրեթե ամեն օր խոսում ենք ու դեռ ասելու շատ բան ունենք: Ես, իհարկե, արդեն հասակը չէ, որ սիրում եմ նրա մեջ, այլ արդեն այն հատկանիշները, որոնք կարողացան պահպանել մեր ընկերությունը: Ուզում եմ ասել, որ նա աշխարհի ամենայուրահատուկ մարդկանցից է, նա այն մարդն է, ումից ես կարող եմ նեղանալ ոչ ավել, քան մեկ րոպե, ում անտանելի կատակները, թեկուզ և զայրացնում են, բայց շարունակում են ինձ դուր գալ, ում հասակը, որը թեև կարևոր չէ, բայց կարոտում եմ, ում ուզում եմ միշտ տեսնել, ուզում եմ վերադարձնել այնտեղ, որտեղ իր հողն է, երկուսիս հողը, բոլոր հայերի հողը ու երբ էլ որ լինի, ես միշտ պատրաստ եմ ընդունել նրան ու կարոտով սպասում եմ:
Իմ ամենալավ, բարի ու ազնիվ ընկեր՝ Վարդգես Բաղրամյան: