15:11 , 31 հուլիս, 2012
Կյանքը երբեք չի տալիս այնպիսի դժվարություններ, որոնք վեր են քո ուժերից…
անհայտ փիլիսոփա
Նվիրումն ու կարոտը դատարկ բաներ են, որոնք անցնում են այնպես, ինչպես դու անցար մի օր… Իսկ ես… ես մնացի այնտեղ, որտեղ ինձ հրաժեշտ տվեցիր… Մինչեւ հիմա ես այնտեղ եմ… այն վայրում, որտեղ ավարտեցի խղճիս հետ վերջին պայքարը, ուր, ի վերջո, հասկացա, որ խիղճս մաքուր է քո ու բոլորի առաջ, մաքուր, ինչպես ամեն բան, որ չի օգտագործվել երբեք… Ինձ մոտ ամեն ինչ քո կանխատեսածի ճիշտ հակառակը եղավ…
… Կամաց-կամաց, բայց ամեն ինչին համակերպվում է մարդը… Ես էլ մարդ էի, ու մի կերպ տարա դռան կողմ քայլելդ…
*******
Հեռանալուդ առաջին օրերը սարսափելի էին… Այդ սարսափը միայն ես էի տեսնում, ես այն երբեք ցույց չտվի, որովհետեւ պատասխանատու եմ անգամ երազանքներիս համար… Ինձ տված կյանքի դասերդ մեռնելու դասեր կդառնան մի օր, այդ ժամանակ միայն կհասկանաս, որ դու էլ ինձ պես հիմար ես, աշխարհի ամենաչքնաղ հիմարը…
Հեռանալուդ երկրորդ կամ երրորդ (գուցե չորրորդ) օրը սիրտս տեղի տվեց նկարիդ… Միայն հասցրի ձեռքս հեռախոսին տանել… Ու արթնացա Սրտաբանականի գարշելի պալատներից մեկում… Գիտե՞ս, գուցե ծիծաղելի թվա, բայց Սրտաբանականում անցկացրած այդ երկու օրերն իմ կյանքի ամենահրաշալի օրերն էին… Ես անընդհատ երազիս քեզ էի տեսնում… Ես երբեք սենտիմենտալ չեմ եղել, պետք է բոլորից լավ իմանաս… բայց այդ երկու օրերին դու կողքիս էիր այնքան, որքան երբեք չէիր եղել, անգամ այն ժամանակ, երբ քեզնով էր բացվում ամեն առավոտս… Երբ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր… Ամուր… Ինչպես մեր քաղաքի սովետական շենքերը… Այն ժամանակ գաղափար անգամ չունեի, որ քանդելու ես այդ շենքերն ու թղթից երկաքերեր ես կառուցելու դրանց փոխարեն… Դու ինձ համար միշտ այն ամուր ստալինյան շենքերը կլինես, իսկ ես` ընդամենը վթարային նորակառույց…
Բոլոր այն օրերը, որ ապրեցի քեզնից հետո, լցված էին քեզնով, քո ձայնով, քո ծիծաղով… Ես քեզանով լիարժեք օրեր եմ ապրել, որոնց մասին դու երազել անգամ չես կարող…
Էդ անտերանոցից դուրս գրվելուս հենց առաջին օրը գնացել եմ այն կամուրջի մոտ ու էնտեղից ներքեւ շպրտել բոլոր երազանքներս…
ՀԻՇԻՐ… ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԱՌԱՊԵԼ…
Ես ապրում եմ ու կապրեմ հանգիստ, գուցե մի քիչ էլ դատարկ կյանքով… քո ժպիտն ինձ հետ է, իմ կյանքի գույնն ունեցող ժպիտը…
Ինչ ուզում է եղած լինի, մեկ է, ես շնորհակալ լինել գիտեմ… Գուցե միայն դրա համար ես ներվեմ վերեւում բոլոր մեղքերիս ու օրեր տեւած երջանկությանս համար… Խաղաղ եղիր…