17:45 , 29 մայիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ներկա չի եղել Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրող որոշման ընդունման ժամանակ: Սակայն եթե ներկա լիներ, ապա իր կուսակիցների հետ միասին դեմ կքվեարկեր: ԽՍՀՄ գործիչ Ա. Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու վերաբերյալ Մամուլի ազգային ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը նա խոսեց ոչ միայն որպես ավագանու անդամ, այլև ստալինյան բռնաճնշումների ժամանակ գնդակահարված մարդու ծոռ:
Սանասարյանն ասաց, որ եթե չկարողանան հասնել նրան, որ արձանը չտեղադրվի, ապա կարվեն քայլեր, որ արձանը տեղադրել նախաձեռնողները ամոթալի վիճակում կհայտնվեն: «Ես դեմ եմ վանդալիզմին, սակայն այդ արձանն այդպես չի մնա, կարմիրով կպատվի»,- ասաց նա: Դ. Սանասարյանը նշեց նաև, որ ինքն էլ դեռ չի կողմնորոշվել` արձանը պե՞տք է տեղադրվի, թե՞ ոչ: Գուցե այն տեղադրելուց հետո ուսուցիչները սերունդներին կտանեն այնտեղ և ցույց կտան, թե ինչպիսի մարդ չպետք է լինել:
Սակայն Երևանի ավագանու անդամ Անահիտ Բաշխյանը նշեց, որ նույնիսկ դրա համար չարժե արձան տեղադրել: Նա հայտնեց նաև, որ նույն օրը` ապրիլի 30-ին, երբ ընդունվել է այդ աղմկահարույց որոշումը, ընդունվել է նաև մեկ այլ որոշում, որով սահմանվում է քաղաքացիների` քաղաքապետարանի աշխատանքներին մասնակցելու կարգը: Եվ դրա համաձայն` հանրությունը պետք է իրազեկված լինի քաղաքապետարանի գործունեությանը և կարողանա իր դիրքորոշումը հայտնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ