Դավիթ Ավետիսյան. Հանրությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա արդարադատություն իրականացնելու գործում


16:12 , 29 մայիս, 2014

Դավիթ Ավետիսյան. Հանրությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա արդարադատություն իրականացնելու գործում1news.am-ը գրում է.

«Անի» հյուրանոցում մայիսի 29-ին կայացավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Զեկույցների ավարտից հետո, քննարկման փուլում, առաջարկություններով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Խոսելով հանրության վստահության, դատական ակտերի ընկալունակության և շատ այլ խնդիրների մասին, Դավիթ Ավետիսյանն ուշագրավ առաջարկություններ ներկայացրեց: Մասնավորապես, պարոն Ավետիսյանը հանրության վստահության բարձրացման նախադրյալ է համարում հասարկության ակտիվ և գործուն մասնակցությունը արդարադատություն իրականացնելիս: Առաջարկեց կյանքի կոչել երդվյալ ատենակալների ինստիտուտը, ինչն էական դրական արդյունք է արձանագրել հարևան Վրաստանի հանրապետության դատական իշխանությունում: Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը առաջարկում է նաև հանրության ներկայացվածությունը Դատարանների նախագահների և Արդարադատության խորհրդում: Այդպիսով, հանրության կողմից պատվիրակված անձինք հնարավորություն կունենան ամբողջությամբ վերահսկել դատարանների ֆինանսական հարցերից մինչև կառավարչական խնդիրները: Միաժամանակ հնարավորություն կունենան ինքնուրույն գնահատել այս կամ այն դատավորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության կամ ծառայողական առաջխաղացման հիմնավորվածությունը: Դավիթ Ավետիսյանը մեկ այլ ուշագրավ առաջարկ էլ ներկայացրեց, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կազմավորմանը. «Առաջարկում եմ սահմանել այնպիսի մոդել, որ Վճռաբեկ դատարանի դատավորների մեկ երրորդը նշանակվեն հանրության ակտիվ դերակատարմամբ: Նշանակվեն այնպիսի անձինք, ովքեր հանրության մեջ ունեն բարձր հեղինակություն և մասնագիտական բարձր կարողություններ»: