14:49 , 29 մայիս, 2014
Կիրակնօրյա «Արժանապատիվ քաղաքացիների հավաք եւ երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն» հնչեղ անունը կրող ցույցին ուղիղ հեռարձակմամբ հետևելու համար իրենց ժամանակը չափսոսածների և դրան հանդիպած անցորդների թիվն ինձ հայտնի չէ, սակայն վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը վստահաբար մի քանի ժամով երկարեց, քանզի դժվար էր այդ ամենին հետևել առանց լիաթոք ծիծաղի: Իհարկե, առհասարակ դժվար է առանց ծիծաղի հետևել բոլոր այն իրադարձություններին, որտեղ թեկուզ ամենաչնչին դերակատարում ունի Պ. Հայրիկյանը: Ողջ հանրությունը արդեն իսկ հասցրել էր մի բոլ ծիծաղել 2013թ. փետրվարյան իրադարձությունների ընթացքում հիանալի կերպով բեմադրված «А теперь я Наташа» օպերայի վրա՝ Հայրիկյանի գլխավոր դերակատարմամբ, այնուհետև հիանալ նրա «ոչ մի տեղ չմտնելը Եվրամիություն մտնել է» դարի տրամաբանական պարադոքսով (Գրիգորի Պերելմանն անցավ վաստակած հանգստի, քանզի այս պարագայում գումարներ վաստակում է պարադոքսներ առաջարկողը, ոչ թե լուծողը), իսկ երեկ բոլորս հետևեցինք ոչ միայն «սա ռուսական ԿԳԲ-ի արածն է» օրատորիայի հերթական ուշացած արարին (հիշեցնեմ, որ այդ հիմնարկությունը լուծարվել է 1991թ. դեկտեմբերի 3-ին), այլև արձանագրեցինք այն փաստը, որ այդ, այսպես ասած, միջոցառումը ոչ միայն պատշաճ կերպով չէր կազմակերպվել, այլև վայրկյանը մեկ փոխվում էր ամեն ինչ՝ թե նպատակը, թե կարգախոսները, թե գործելաոճը: Մեկ երթուղի էին փոխում, մեկ վանկարկումները...մեկ որոշում էին խեղճ Վոլինկինին հայտարարել «պերսոնա նոն գրատա», կարծես իրենց ասելով պիտի դա լիներ, մեկ նույնն ասացին Պուտինի և «ֆաշիստական Ռուսաստանի» (պարադոքս թիվ երկու) հասցեին, մեկ եվրոպական ու ՀՀ դրոշների համամասնությունն էին փոխում, մի ժամ ինչ-որ հարցեր էին պարզում թերթի կրպակին մոտենալ-չմոտենալու հետ կապված: Այնուհետև, հավանաբար, կազմակերպչի պատասխանատվությունից ձեռնթափ լինելու ցանկություն ունեցող Հայրիկյանը հիշեց իր այդքան չսիրած վարչահրամայական ղեկավարման մեթոդները և միաձայնությամբ կոորդինատոր «ընտրեցրեց» Գ. Առուստամյանին, ում ողջ դերակատարումը սահմանափակվեց փոխգնդապետ Վ. Գևորգյանի (ում ազգանունն այդպես էլ չհիշեց) հետ լեզվակռվի իմիտացիայով և ֆանֆարոնություն ցուցադրելու անհաջող փորձերով: Այդ ընթացքում Հայրիկյանը չմոռացավ լռեցնել հույժ մարտականորեն տրամադրված ոմն Վրեժին, իսկ օպերայի կուլմինացիան էր «Չկայացած զանգ նախագահին» դրվագը: Նախ մարդը փորձում էր հույժ վստահ կերպով հավաստիացնել Գևորգյանին, որ «հեսա կզանգի նախագահին» ու վերջինս ոստիկաններին կարգի կհրավիրի: Սակայն երբ բանը հասավ զանգելուն, խոփը (իմա՝ հեռախոսը) քարին դեմ առավ: Մասնակիցներից մեկն ասաց ընդունարանի համարը (ի դեպ, Հայրիկյանը ժամանակին պաշտոնավարում էր որպես նախագահի խորհրդական, ուստի պիտի որ հիշեր այդտեղի համարները), սակայն Հայրիկյանի «զրույցը» ընդունարանի հետ չստացվեց: Այնտեղից ինչ-որ այլ համար ասացին, որը մեր հերոսը վայրկենաբար մոռացավ, որից հետո նախագահին զանգելու թեման վայրկենաբար փոխարինվեց «Վոլինիկինի արժանավորության» թեմայով, և որոշվեց քայլել դեպի Մաշտոցի պողոտա, քանզի «առաքելությունն իրականացված էր»: Դրանից հետո մեր հերոսն անցավ այն գործին, որն իր մոտ ամենալավն է ստացվում, երգեցողությանը: Այս ընթացքում հրահրվեց քաշքշուկ, և երկու անձ հայտնվեցին բաժնում: Նրանց հետագա ճակատագրից տեղյակ չեմ, սակայն, հավանաբար պետք էր, ի վերջո, գոնե մեկ անգամ մարտական կեցվածք ցուցադրել:
«Արժանապատիվ քաղաքացիների հավաք եւ երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն» կոչված միջոցառման կազմակերպիչները, հավանաբար, հույժ ուրույն պատկերացումներ ունեն արժանապատվության մասին: Սակայն բոլոր դեպքերում ասեմ, որ անկախ իրենց հետապնդած իրական նպատակներից, այդ ամենն արժեզրկվելու է նմանատիպ գործելաոճի դեպքում: Ի դեպ, ասեմ, որ այդ միջոցառումը մի քանի միավոր ավելացրեց Հայաստանում Ռուսաստանի և Պուտինի վարկանիշին:
Իսկ ես, հետևելով մեծն Բոմարշեի խորհրդին, շտապում եմ ծիծաղել ամեն ինչի վրա, որ հետո ստիպված չլինեմ լացել նույնի վրա...
Հ.Գ. Ակամա հիշում ես Հայրիկյանին ուղղված լուսահոգի Լեոնիդ Սամսոնիչի խոսքը՝ «Ուրեմն՝ քիչ ես նստել»:
Հ.Գ.-1. Այս ամբողջ պատմության մեջ միայն խեղճ էպոսագետն էր ափսոս...
Հ.Գ.-2. Գրառումն ավարտելուց հաշված րոպեներ առաջ ստացվեց «Եվրոպական ընտրություն» նախնական անունը կրող նախաձեռնության հրապարակած կոչը, որի հասցեատերերի թվում նշված է նաև մեր հերոսի ղեկավարած կուսակցությունը: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այդ նախաձեռնության ապագան այլևս լուրջ հարցականի տակ է...
Հ.Գ.-3. Սույն գրառումը խնդրում եմ համարել Պ. Ա. Հայրիկյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու պաշտոնական միջնորդություն Հանրապետության նախագահին: