Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա մինչեւ հուլիսի 1-ը


14:35 , 29 մայիս, 2014

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա մինչեւ հուլիսի 1-ըArmnewtv.am-ը գրում է.

Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները վաղ առավոտյան քննարկել և հաղթահարել են բոլոր տարաձայնությունները` կեսօրից հետո ստորագրելով պատմական փաստաթուղթը: 

Նախքան այդ կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի առաջնորդը: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երեք երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի կատարած աշխատանքը թույլ է տվել պատրաստել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ մնացել է քննարկել երկու-երեք հարց, որոնք, ի դեպ, փորձագիտական մակարդակում արդեն ստացել են իրենց լուծումը, առաջարկում եմ հաստատել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետ` մինչև այս տարվա հունիսի 15-ը: Հասկանում ենք, որ ժամկետը սեղմ է: Պատրաստակամության դեպքում վստահ եմ, որ երկու-երեք օրվա ընթացքում կգտնենք փոխադարձ ընդունելի որոշում: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կլինի ոչ միան Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ միաժամանակ դրա ընդլայնման հանգրվանը: Կարող ենք վստահեցնել, որ Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման դեպքում ամեն ինչ կանենք մեր խորհրդարանում կարճ ժամկետում վավերացնելու համար, - ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի ելույթից հետո Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների մասին քննարկում սկսվեց: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին ներկայացրեց Հայաստանի իրականացրած աշխատանքը և հայտարարեց, որ Հայաստանի նախագահի նշած սեղմ ժամկետներում հնարավոր է կազմակերպել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը:

 - Այդ դեպքում եկեք որոշենք կարգավորել բոլոր հարցերը հունիսի ընթացքում և հուլիսի 1-ը հաստատել որպես Հայաստանի անդամակցության վերջնաժամկետ, -ասել է Ղազախստանի նախագահ Նազարբաևն ու շարունակել, - Այո, հունիսի ընթացքում, եթե բոլոր հարցերը կարգավորվել են, ինչու՞ երկարացնենք:

Հուլիսի մեկից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին այնուհետև խոսել են Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միության ստեղծման պահից Հայաստանն արդեն կլինի դրա լիարժեք անդամը:

Մենք քննարկել ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, Հայաստանի միացման փաստաթուղթը կստորագրվի մոտակա ժամկետներում, Հայաստանը դա ցանկանում էր իրականացնել դեռ հունիսին: Մենք հուսով ենք, որ Եվրասիական միության ստեղծման օրվանից Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամը,- հայտարարել է Վլադիմիր Պուտին:

Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրմամբ սկսվեց նոր գործընթաց, միությունը կգործի հունվարի 1-ից, նախապես նախատեսվում էր, որ միությունը կսկսի գործել երեք երկրների մոդելով, այսօր կայացած որոշումների արդյունքում պարզ է դառնում, որ Եվրասիական միությունը կգործի առնվազն չորս երկրի ներգրավմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ