Բագրատունյաց թագավորության ամրապնդումը և զարգացումը


14:08 , 31 հուլիս, 2012

Աղբյուր` Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, հատոր III, Երևան, 1976թ.: Նյութը ներկայացվում է որոշ կրճատումներով:

Աշոտ Ա-ը, ինչպես և նրա հաջորդ Սմբատ Ա-ը ջանք չէին խնայում, որպեսզի իրենց թագավորական իշխանությանը ենթարկվի ամբողջ Հայաստանը։ Սակայն դրան մեծապես խանգարում էին ֆեոդալական ժառանգական հողատիրության ձևավորման վրա հիմնված մեծ ու փոքր իշխանությունների անջատողական ձգտումները, ինչպես և արտաքին թշնամի ուժերը։ Աշոտ Ա-ի օրոք, երբ պայքարը հիմնականում ընթանում էր հայ պետականության վերականգնման և ամրացման ուղղությամբ, ֆեոդալական անջատական ձգտումներն ու պայքարը ցայտուն դրսևորումներ չունեցան, քանի որ դեռևս շարունակվում էր կռիվը իշխանական տոհմերի ներսում՝ նրանց առանձին ճյուղերի տիրույթների սահմանները, նույնիսկ սրի ուժով, որոշելու համար։ Այդպիսին էր դրությունը Սյունիքում, մանավանդ Վասպուրականում, որտեղ այդ պայքարի զոհը դարձավ Աշոտ թագավորի փեսա Դերենիկը։ Աշոտ Ա-ը միջամտում էր թե մեկ, թե մյուս նահանգի գործերին՝ որպես Հայաստանի թագավոր և գերագույն տեր։ 

Մտնելով Վրաստան Աշոտ արքան 887 թ. Հասավ մինչև Կովկասի գլխավոր լեռնաշղթան, ընկճեց այստեղի անհնազանդ ցեղերին և վերջ դնելով միջֆեոդալական խլրտումներին, բարեկամական դաշինք կնքեց Եգերաց թագավորի հետ ու վերադարձավ Հայաստան։

Աշոտ թագավորի գերադասությունը ընդունում էր նաև նոր միայն թագ ստացած Աղվանից Համամ թագավորը։ Աշոտը խաղաղություն Հաստատեց նաև Արծրունյաց իշխանների միջև և Վասպուրականի գահերեց իշխան նշանակեց իր փեսա Դերենիկի ավագ որդուն՝ Սարգիս-Աշոտին, որը դեռևս պատանի էր և մշտապես երախտագետ ու հավատարիմ մնաց իր թագակիր քեռուն։

Այնուհետև Աշոտ Ա-ը իր որդի Սմբատի գլխավորությամբ, որին իշխանաց իշխան էր կարգել, զորք ուղարկեց Գուգարք և Ուտիք՝ վերջ տալու այնտեղ եղած որոշ իշխանների անհնազանդությանը։

Դրությունը շատ ավելի բարենպաստ ու կայուն էր Սյունիքում։ Այստեղ գահերեց իշխան Վասակը և նրան հաջորդած Աշոտ իշխանը հավատարիմ ու հնազանդ էին հայոց արքային և խաղաղ շինաբարությամբ էին զբաղված։ Այսպիսով, Աշոտ Ա թագավորը տնտեսական և քաղաքական նշանակալից գործունեություն ծավալեց, ցուցաբերելով իր կարողությունը նաև պետական շինարարության բնագավառում։

Հայկական թագավորությունը նկատելիորեն ամրապնդված էր, և երկրում հաստատված խաղաղությունը իր պտուղներն էր տալիս։


Դրվատելով Աշոտ թագավորի խաղաղ և շինարար գործունեությունը, Հովհաննես կաթողիկոսը գրում է. «Եվ այնուհետև բազում և երևելի կարգեր սահմանեց իր տերութեան երկրում, կարգավորումներ (յօրինուածս) արեց տոհմերի, տների, քաղաքների, շեների, դաստակերտների և հավասարապես յուրաքանչյուրին համապատասխան կարգեր սահմանեց` լեռնականների և ջերմահովիտ բարեխառն դաշտաբնակների (համար)։ Եվ բոլոր հարթավայրերում ագարակներ և գոմեր դրեց, իսկ մեղմ վայրերը այգիներով և բուրաստաններով զարդարեց. և այն ամենում ինչը վայել էր թագավորությանը և ինչ որ թագավորության ներսում կամ ինչ որ թագավորության շուրջը պիտի կարգավորվեր` ոչ մի բանում չհապաղեց, և գրեթե մեր բոլոր թագավորներից հարստագույն և խոհեմագույն գտնվեց: Եւ այսպես նորոգված թագավորության մեջ մեր Թորգոմյան ազգը բարձրացրեց։

Պատմիչի այս վկայությունից երևում է, որ Աշոտ Բագրատունին կարգավորել է երկրի ինչպես ներքին, նույնպես և արտաքին գործերը։ Նրա օրոք զարգանում էին երկրագործությունը, արհեստներր, առևտուրը, աճում էին քաղաքները։

Աշոտ Ա-ի գերագույն իշխանությունը ճանաչում էին նաև վրաց գահերեց իշխան Ատրներսեհը և Հայաստանի հարավում կազմավորված արաբական ամիրայությունները։ IX դարի վերջերին Մանազկերտի ամիրա Աբուլ-Վարդը զորեղացել էր և տիրում էր նաև Խլաթ, Արճեշ ու Բերկրի քաղաքներին, սակայն ճանաչում էր Աշոտ արքայի իշխանությունը։ Այս առթիվ բյուզանդական Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է. «Մանցիկիերտին էր տիրում Ապելվարդը, որը գտնվում էր իշխանաց իշխան Աշոտի՝ իշխանաց իշխան Սմբատի հոր իշխանության ներքո։ Իշխանաց իշխան Աշոտը այս Ապելվարդին տվեց նաև Խլիատ ամրոցը, Արզեսը և Պերկրին, քանզի արևելքի բոլոր շրջանները գտնվում էին վերոհիշյալ իշխանաց իշխան Աշոտի՝ իշխանաց իշխան Սմբատի հոր ձեռքում»։

Աշոտ Ա Գագրատունին բարեկամական հարաբերություններ էր հաստատել նաև Բյուզանդական կայսրության հետ։

Աշոտի թագավորության հետագա տարիներին երկիրը խաղաղ էր։ Իր մահից (890 թ. վերջերին) հետո նա հետնորդին ժառանգություն թողեց բավականաչափ ընդարձակ և խաղաղ բարգավաճող երկիր։

Շարունակությունն՝ այստեղ