13:03 , 28 մայիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանին անհրաժեշտ է «ուղղակի և անկեղծ երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ»: Այդ մասին ասված է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը տարածվել է մայիսի 28-ին:
«Ռուսաստանը պետք է ավարտի իր զորքերի հետքաշումն Ուկրաինայի հետ սահմանից և Ուկրաինայի արևելքում գործող զինված ուժերի վրա իր ազդեցությունն օգտագործի այնտեղ իրադրության կայունացման համար»,- նշվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ Ուկրաինան իր տնտեսությունը կայունացնելու համար պետք է Ռուսաստանի հետ համաձայնության հասնի գազի մատակարարման պայմանների շուրջ: «Մենք հուսով ենք, որ ԵՄ-ի աջակցությամբ եռակողմ բանակցությունները շուտով հաջողություն կունենան: Մենք պնդում ենք, որ Եվրոպային գազի մատակարարման պարտավորագրերը կատարվեն»,- նշվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում, որն «ուժեղացել է նոր նախագահի ընտրվելով», հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում Ուկրաինայի ընտրված նախագահի հետ աշխատանքն սկսելու հնարավորությանը»,- իր հերթին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: