11:30 , 28 մայիս, 2014Այս գեղեցիկ լուսանկարների հեղինակը Սարա Էն Լորեթն է: Այս երիտասարդ լուսանկարչուհին բնակվում է Նյու Հեմպշիրում: Նա մասնագիտացած է դիմանկարների և ինքնանկարների ասպարեզում: Նա փորձում է իր լուսանկարներում արտացոլել մարդկային տարբեր էմոցիաները, սակայն նա երբեք մինչև վերջ չի բացահայտում դրանք՝ ձգտելով այս կերպ խորհրդավորություն հաղորդել իր ստեղծագործություններին: Սարան ոչ միայն մանրակրկտորեն նախապատրաստական աշխատանքներ է տանում նախքան ֆոտոսեսիաները, այլև դրանցից հետո ժամեր շարունակ խմբագրում լուսանկարները համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ: Իր լուսանկարների մեծ մասում Սարան մարդկանց պատկերում է բնության գրկում: Թեպետ Սարայի լուսանկարները հիմնականում սյուրռեալիստական են, նա ասում է, որ իր նկարներում պատկերում է իրականությունը, միայն թե այն իրականությունը, որն առկա է իր երևակայության մեջ: Նա չի վախենում էքսպերիմենտների դիմել իր աշխատանքում: Նրա ստեղծագործություններում ընդգծված է միայնության գաղափարը: Սարայի լուսանկարների հիմնական յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր դիտող յուրովի է ընկալում դրանք:
