«Հիշում եմ և պահանջում». հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշը և կարգախոսը


22:07 , 26 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մայիսի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից՝ հավաք-հանդիպման մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հավաք-հանդիպման մասնակիցներին, ովքեր աշխարհի տարբեր երկրներից հավաքվել են մասնակցելու և իրենց ուրույն ներդրումը բերելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները կազմակերպելուն ինչպես Հայրենիքում, այնպես էլ՝ Սփյուռքում:

Վիգեն Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս հավաքն արդեն իսկ տեղի է ունենում թանգարան-ինստիտուտի նորակառույց վարչական շենքում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընդգրկումները տպավորիչ են լինելու:

Վ.Սարգսյանը տեղեկացրել է, որ ս.թ. մարտին կայացած տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումից հետո հաստատվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշը և կարգախոսը: Որպես խորհրդանիշ ընդունվել է անմոռուկ ծաղիկը, որը աշխարհի բոլոր լեզուներով թարգմանվում է՝ չմոռացվող: Կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»:

Վիգեն Սարգսյանը տարածաշրջանային հանձնաժողովներին կոչ է արել համադրել ջանքերը և իրականացվող բոլոր միջոցառումները արձանագրել, ներկայացնել և լուսաբանել հավուր պատշաճի:

Այնուհետև ելույթ է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

ՀՀ Սփյուռքի նախարարը նշել է. «100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի նպատակն էր՝ թողնել մեկ հայ և այն էլ՝ թանգարանում: Հայերն այսօր ունեն երկու պետություն և օտար ափերում հիմնադրված ու հայանպաստ գործունեություն իրականացնող հայահոծ հզոր համայնքներ»:

Ներկայացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման և հետևանքների վերացման ողջ ընթացքը և ձեռքբերումները՝ նախարարն ընդգծել է, որ նույնիսկ՝ Թուրքիայում իրավիճակի հստակ փոփոխություն է նկատվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ