17:40 , 26 մայիս, 2014
Ծանոթանալով աշխարհի տարբեր երկրներում եւ հատկապես Ուկրաինայում կատարվող ներքաղաքական իրադարձություններին, հակամարտող կողմերի բախումներին ու փոխադարձ անհանդուրժողականությանը՝ ակամա սկսում ես զուգահեռներ տանել մեր իրականության հետ: Հոկտեմբերի 27, մարտի 1... Պակաս դաժան չէին: Հետո հիշում ես, թե ինչպես մեկ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախում չեղավ, քանի որ Րաֆֆին ու ՀՀ ոստիկանապետը համաձայնության եկան երթը տանելու դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ավարտելու մոմավառությամբ ու աղոթքով: Ճիշտ է, ոմանք դա ընկալեցին որպես քողարկված ծաղր ու նվաստացում Րաֆֆիի նկատմամբ, սակայն արտաքուստ ամեն ինչ նման էր ցուցարարների եւ ոստիկանության հարաբերման նոր՝ քաղաքակիրթ մշակույթի: Կարծիքներ հնչեցին, թե այդ ժամանակ Կիեւի արյունալի դեպքերից մեզ հաջողվեց խուսափել հասարակության, իշխանության եւ ընդդիմության հասունության շնորհիվ, ուստի ոստիկանության եւ ցուցարարների շփումների դեպքում կարծես թե արդեն հնարավոր է ամեն ինչ կարգավորել բանակցությունների միջոցով:
Այնուամենայնիվ, բավարար հիմքեր առկա՞ են եզրակացնելու համար, որ մեզանում արդեն ձեւավորվել ու կիրառվում է այդպիսի մշակույթ: Ցավոք, կանխատեսումները չափից ավելի լավատեսական էին: Դրանք ավելի շատ բարի ցանկություններ էին, քան իրականություն: Ճիշտ է, ՀՀ ոստիկանապետը ամեն առիթով խոսում է իր գլխավորած կառույցում ներդրվող նոր մշակույթի մասին: Բայց մենք հո գիտե՞նք՝ ինչ է կատարվում ոստիկանության մեկուսարաններում, քրեակատարողական հիմնարկներում, կալանավայրերում, իրավապահ մարմիններում ու արդարադատության ոլորտում ընդհանրապես: Ճիշտ է, «ցուցադրական ելույթներում»՝ հանրահավաքներում, երթերում, նստացույցերի ժամանակ ոստիկանները ջանում են իրենց զուսպ պահել: Բայց ոչ միշտ: Հերիք է հիշել անցյալ տարվա նոյեմբերի 5-ի տխրահռչակ դեպքերը:
Նոյեմբերի 5-ին ոստիկանները սկզբում կարծես թե զուսպ էին ու հանդուրժող: Փոխոստիկանապետի գլխավորությամբ նրանք թույլ տվեցին, ավելի ճիշտ, թող տվեցին, որ նախատեսվող երթի մասնակիցները բոլորի աչքի առաջ «զինվեն» փայտե ձողերով ու ճայթուկներով: Հետո, երբ երթը հազիվ էր սկսվել, ճանապարհը փակեցին, շուրջկալ արեցին, հրմշտոց հրահրեցին եւ երթի բոլոր մասնակիցներին ձերբակալեցին ու արդեն կես տարի է՝ առանց դատ ու դատաստանի պահում են քրեակատարողական հիմնարկներում՝ ծաղկեցնելով բանտային բիզնեսը:
Սակայն չէ՞ որ արդեն կար բոլորովին այլ սցենարի նախադեպ: Եթե ոչ ոստիկանապետը, ապա գոնե փոխոստիկանապետը, որ դեպքի վայրում էր, հետեւելով իր ղեկավարի օրինակին, կարող էր բանակցել ցուցարարների հետ եւ երթը ուղղել թեկուզ դարձյալ Ծիծեռնակաբերդ: Բայց այդպիսի փորձ անգամ չարվեց: Նոր մշակույթի ոչ մի նշույլ...
Ոստիկանությունն իրեն պահեց իրավիճակին եւ իր պարտականություններին ու լիազորություններին ոչ համարժեք: Փոխանակ հենց սկզբից կանխելու ցուցարարների զինվելը՝ իրավապահները ուժ կիրառեցին այն ժամանակ, երբ ընդամենը խաղաղ երթ սկսվեց: Եթե ոստիկանները գիտեին, որ աշխարհում այդ օրվա համար ընդունված «Անոնիմուսների» (անանունների) բողոքի երթերի խորհրդանիշեր են ոչ միայն դիմակները, այլեւ փայտե ձողերն ու ճայթուկները, ապա հետո չպետք է դրանք որպես զենք դիտարկեին երթի մասնակիցներին մեղադրելու համար: Իսկ եթե չգիտեին, ապա հենց սկզբում պետք է «զինաթափեին» ցուցարարներին: Երբ սադրանք ու բախում է լինում, մարդկանց ձեռքին ինչ էլ լինի (թեկուզ կոշիկը, կաշվե գոտին, բջջային հեռախոսը, մատանին), կարող է զենքի վերածվել: Ոչինչ չլինելու դեպքում եղունգները, բռունցքը, աքացին, գլխի հարվածն էլ կարող են դիմացինի առողջության ու կյանքի համար վտանգավոր լինել:
Նոյեմբերի 5-ին, թվում է, նախադեպը եւ բոլոր նախադրյալները կային, որ ամեն ինչ խաղաղությամբ ավարտվեր. ասում են՝ երթի կազմակերպիչ ու առաջնորդ Շանթ Հարությունյանը եւ փոխոստիկանապետը հին ընկերներ են: Մինչեւ երթի սկսվելը նրանք քաղցր-մեղցր զրուցում էին: Բայց հին ընկերությունն էլ չօգնեց: Ոստիկանությունը տեղնուտեղը դաժանորեն ճնշեց հազիվ սկսված խաղաղ երթը:
Ավելին, տեսագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանները նախօրոք գիտեին, թե ում պիտի ձերբակալեին՝ անկախ նրանց գործողություններից ու «զինվածության» աստիճանից: Ճիշտ է, հետո շատերին զանազան կասկածելի նկատառումներով ազատ արձակեցին եւ նրանց նկատմամբ անգամ մեղադրանք չառաջադրեցին՝ դարձյալ անկախ նրանց գործողություններից ու զինվածության աստիճանից: Տեսագրություննե՛րը վկա:
Ազատվելու ձեւ չգտած 14 հոգու նկատմամբ ի վերջո առաջադրվեց խուլիգանության մեղադրանք: Հետաքրքիր է՝ այդ մեղադրանքի հեղինակներն իրենց ասածին հավատո՞ւմ են: Թե՞ լավ չեն կարդացել՝ ինչպես է բնութագրվում խուլիգանությունն ըստ քրեական օրենսգրքի: Իհարկե, իմաստ չունի գլխավոր քննչական վարչությանը կասկածելու մասնագիտական անբավարար իրավասության առումով: Պարզապես մենք բոլորս ինչքան ասես դառը փորձ ունենք տեսնելու, թե ինչպես են մարդիկ դատապարտվում, հետապնդվում, բռնության ենթարկվում առանց մեղք գործած լինելու կամ իրենց մեղավորությանը ոչ համարժեք չափով, մինչդեռ բազմաթիվ խոշոր ու խոշորագույն հանցագործներ ազատ ու «ափաշկարա» վայելում են այս անարդար կյանքի բարիքները:
Սա՞ է նոր մշակույթը:
Իհարկե, նոր, քաղաքակիրթ մշակույթի գաղափարն ու ցանկությունն էլ քիչ բան չեն եւ լավատեսներին գոնե փոքր-ինչ հույսեր են ներշնչում ապագայի նկատմամբ:
Իսկ ահա Թուրքիան, որ մեր աչքին բարբարոսության, վայրագության, անարդարության ու դաժանության խորհրդանիշ է, իրավունք ունի պարծենալու իրավական նոր մշակույթով: Ապացո՞ւյց եք ուզում: Խնդրեմ: Հունվարի 16-ին թուրքական դատարանը արդարացրեց եւ ազատ արձակեց Ստամբուլի Գեզի զբոսայգու գործով ձերբակալվածներին՝ հայտարարելով, որ նրանք ընդամենը իրականացրել են խաղաղ երթեր ու ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը՝ անկախ նրանից, որ այդ երթերը ոչ ամեն անգամ էին արտոնված եւ ոչ միշտ են անցել առանց ոստիկանության հետ լուրջ, անգամ արյունալի բախումների:
Մեր իրավապահ մարմինները դեռ կարող են ցույց տալ, որ նոր մշակույթի առումով ուզում ենք հասնել գոնե Թուրքիային (էլ չեմ ասում՝ Եվրոպային ու Ամերիկային): Դա կերեւա, երբ վերջապես սկսվի նոյեմբերի 5-ի գործով անվերջ ձգձգվող դատավարությունը:
Մնանք լավագույն հույսերով ու բարի սպասումներով:
Աստված տա՝ վերոհիշյալ լավատեսական կարծիքը ճիշտ դուրս գա: