15:18 , 26 մայիս, 2014
Այս տիկնիկը կոչվում էր Cabbage Patch Kids: Այս «գլուխգործոցը» Mattel ընկերության արտադրանքն է: Առաջին հայացքից անմեղ թվացող այս խաղալիքը իրականում բավականին վտանգավոր էր: Հատուկ մեխանիզմի շնորհիվ այս տիկնիկի բերանը բացվում էր: Տիկնիկը կարողանում էր ծամել պլաստիկ «ուտելիքները», որոնք ներառված էին տիկնիկի տուփում: Երեխաները հետաքրքրությունից դրդված իրենց մատներն էին մտցնում այս անողոք տիկնիկի երախի մեջ: Մանկական մաշկը բավականին նուրբ է: Այդ իսկ պատճառով երեխաների մատները վնասվում էին տիկնիկի սուր ատամների պատճառով: Պատահում էին նաև դեպքեր, երբ անզգուշության հետևանքով երեխաների մազերն էին մնում այս տիկնիկի ատամների տակ: Ամենաուշագրավն այն է, որ այս տիկնիկների վրա ծամելու համակարգը միացնելու կամ անջատելու կոճակ չկար: Տիկնիկի բերանի հատվածում տեղադրված ծամելու համակարգն անսպասելիորեն էր միանում: Ծնողների դժգոհություններն այնքան բուռն էին, որ այս տիկնիկների վաճառքն արգելվեց:

«Երկնային պարուհի» կոչվող տիկնիկներն արտադրվում էին Galoob ընկերության կողմից: Դրանք արտաքուստ նման էին բարբիների, սակայն ի տարբերություն բարբիների, այս տիկնիկները կարողանում էին հրթիռի արագությամբ թռչել: Այս տիկնիկներին հատուկ լար էր ամրացված: Հենց որ այդ լարը ձգում էին, տիկնիկները թռչում էին ու պտույտներ գործում օդի մեջ: «Երկնային պարուհիների» թևերը նման էին ինքնաթիռի թևերի: Դրանք բավականին ծանր էին: Որքան արագ էին այս տիկնիկները թռչում, նույնքան արագ էլ ցած էին ընկնում: Տիկնիկները հաճախ մեծ թափով դիպչում էին երեխաներին ու վնասվածքներ հասցնում նրանց: Երեխաները թանկ էին վճարում տիկնիկի «երկնային պարի» դիմաց. դեմքի կապտուկներ, կոտրված ատամներ, մաշկի վնասվածքներ, կողի կոտրվածք: Մի խոսքով, այս տիկնիկով խաղալուց հետո նրանք ասես ծեծված լինեին: Ինչ խոսք, այս ժպտադեմ տիկնիկը դաժան «երկնային պարուհի» դուրս եկավ: Galoob ընկերության դեմ ավելի քան 150 բողոք ստացվեց, ինչի շնորհիվ էլ 2000 թ.-ին այս տիկնիկների վաճառքն արգելվեց:

Երեխաների մեծ մասը շատ են սիրում ջուրը: Անգամ նորածին երեխաները լողավազանում իրենց այնպես են զգում, ինչպես ձուկը ջրում: Aqua Leisure (թարգմանաբար` ջրային զվարճանք) մանկական նավակները իսկական փրկություն էին այն ծնողների համար, որոնց երեխաները լողալ չգիտեին: Միակ խնդիրն այն էր, որ Aqua Leisure նավակները չափազանց շուտ էին պատռվում: Այս նավակների ցածր որակի պատճառով տասնյակ երեխաներ սուզվեցին ջուրը և հազիվ փրկվեցին խեղդվելուց: Տուժած երեխաների դժգոհ ծնողները դատական հայց ներկայացրին այս նավակների արտադրությամբ զբաղվող ընկերության դեմ: Դատարանում պարզվեց, որ ընկերության ղեկավարությունը արդեն 6 տարի էր, ինչ տեղյակ էր նավակների դեֆեկտի մասին, սակայն այդպես էլ քայլեր չէր ձեռնարկում այդ դեֆեկտը վերացնելու համար: Ընկերության անբարեխիղճ ներկայացուցիչների միակ արդարացումն այն էր, որ դեռևս ոչ մի երեխա չի խեղդվել իրենց արտադրած նավակների պատճառով: Այնուամենայնիվ, այս բացատրությունը այնքան էլ տեղին չէր. դեպքը մի անգամ է պատահում: Դատարանը որոշեց իբրև պատիժ նշանակել 650.000 դոլարի տուգանք: Անգամ տուգանվելուց հետո էլ ընկերության աշխատակիցները շարունակում էին արտադրել անորակ ու դեֆեկտավոր նավակներ: Ամեն անգամ, երբ նրանք բողոք էին ստանում ու նրանց արտադրանքը հերթական անգամ հեղինակազրկվում էր, նրանք պարզապես փոխում էին նավակների դիզայնը և այլ ընկերության անվան տակ վաճառում դրանք: Որոշ ժամանակ անց այս ապօրինությունները ջրի երես դուրս եկան: Բարեբախտաբար, նավակները վաճառքից հանվեցին, նախքան որևէ երեխա կխեղդվեր դրանց պատճառով:

Երեխաները շատ են սիրում սեփական ձեռքերով ճաշ պատրաստել: Գրեթե բոլոր խաղալիքների խանութներում էլ վաճառվում են երեխաների համար նախատեսված խոհարարական պարագաներ` խաղալիք ափսեներ, բաժակներ և այլն: Խաղալիքների արտադրությամբ զբաղվող Hasbro ընկերությունը արտադրում էր Easy-Bake անունը կրող ջեռոցները: Այս խաղալիքի առանձնահատկությունն այն էր, որ այն այնքան էլ խաղալիք չէր. իր ֆունկցիոնալ հնարավորություններով այն բնավ չէր տարբերվում իսկական ջեռոցից: Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ դրանում տեղադրվող սնունդն իրոք թխվում էր: Այս ջեռոցներն արտասահմանում շատ հայտնի էին 2006 թ.-ին, սակայն 2007-ին դրանց վարկը կտրուկ ընկավ: Գրանցվեց 250 դեպք, երբ այս ջեռոցով խաղալիս երեխաների մատները վառվել էին: Ջեռոցի ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 200°-ի: Թերևս հենց այդ պատճառով էլ 250 երեխաներից 16-ը ստացել էին երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ: Ամենացավալին այն է, որ մի հնգամյա երեխա այնքան լուրջ այրվածք էր ստացել, որ նրա մատը ստիպված եղան անդամահատել: Միայն դրանից հետո այս խաղալիքների վաճառքն արգելվեց:

Այս փետրանետերը նախատեսված էին բացօթյա տարածքում խաղալու համար: Դրանք բավականին ծանր էին և պատրաստված էին մետաղից: Դրանք կարող էին ծակել ճանապարհին պատահած ցանկացած բան: Այս վտանագավոր փետրանետերի պատճառով ավելի քան 7000 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել: 1988 թվականի դեկտեմբերի 19-ին դրանց վաճառքը ԱՄՆ-ի տարածքում պաշտոնապես արգելվեց: