Շոկոլադը կդառնա Ուկրաինայի արտաքին քաղաքական ուղեգծի սակարկության առանցքային կողմնորոշիչ


14:09 , 26 մայիս, 2014

Մայիսի 26-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել Պյոտր Պորոշենկոն, ով համարվում է այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը. նա հանդիսանում է հայտնի «Ռոշեն» հրուշակեղենի գործարանի սեփականատերը, ինչի համար էլ ստացել է «Շոկոլադի արքա» մականունը. ասել է թե, ժողովրդավարական, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում նախկին օլիգարխ-նախագահը փոխարինվեց ուկրաինական հասարակության մեջ նմանատիպ կարգավիճակ ունեցող նոր անձով: 
Վերոնշյալի տեսանկյունից պարզ է դառնում նաև ուկրաինական ընտրությունների հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունը. վստահաբար, Ռուսաստանում չէին կասկածում «Շոկոլադի արքայի» հաղթանակի հնարավորությանը: Այս համատեքստում մայիսի 23-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանելով մասնակիցների հարցերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ ընտրություններն անցնելու են Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ, այդուհանդերձ Մոսկվան պատրաստ է աշխատել ուկրինացի ժողովրդի կամքի դրսևորմամբ ընտրված նոր իշխանությունների հետ:
Մնում է արձանագրել, որ «Ռոշեն»-ի արտահանման հիմնական շուկան հանդիսանում է հետխորհրդային տարածաշրջանը և հատկապես Ռուսաստանը...