Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու. Սերժ Սարգսյան


14:01 , 26 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2013 թվականիմրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում և նշել, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները:

Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:

«Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին»,– մրցանակակիրներին ուղղված իր խոսքում ասել է Նախագահը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը:

«Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա: Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին»,– նշել է Սերժ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ