Երևանի կենտրոնում ամուսիններին ուղղված ռեպլիկը մարդասպանություն պատճառ կարող էր դառնալ


19:03 , 25 մայիս, 2014

gei-aglumi-tbilisshi-rf-21

1in.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել:

Նրանց հանդիման դուրս են եկել 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ երբ վերջիններս հավասարվել են Արմենին ու կնոջը, ոգելից խմիչք և թմրանյութ օգտագործած Համլետ Մանուկյանը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, թե՝ «Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:

Մեկ ժամ անց այդ հողի վրա նույն վայրում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել է իրեն ու կնոջը վիրավորողների հետ: Ծեծկռտուք է եղել:

Արմենից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, 20-ամյա Գագիկ Ապերյանը, նրանց մի խումբ ընկերներ իմացել են Արմենի տան հասցեն և գիշերվա ժամը 2-ին գնացել են այնտեղ:

Հավաքվելով տան դիմաց՝ Արմենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, շուրջ քսան րոպե հայհոյել ու կատարել են խուլիգանություն:

Համլետ Մանուկյանը նստել է Արմենի ընտանիքին պատկանող մեքենան, հանել է մեքենայի բանալին: Ընտանիքի անդամի դիտողություններին պատասխանել է հայհոյանքներով, իր վարքագծով ահաբեկել է Արմենին, նրա ընտանիքին և շրջակա տների բնակիչներին:

Գագիկ Ապերյանն էլ հայհոյանքներով դուրս է կանչել Արմենին՝ ասելով. «Էդ ո՞ւմ ախպորն ես ծեծել, դուրս արի, քո…»:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող չեխական ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, ապա իր տան մոտ խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով, ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակն իրոք հրազեն է, մեկ անգամ էլ ասֆալտին է կրակել:

Գնդակն անդրադարձ թռիչքով գնացել է մոտակայքում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բացված դռան ուղղությամբ, վնասել է մեքենայի աջ դռան ապակին ու դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել է ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ գնդակային վնասվածք՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:

Համլետ Մանուկյանին ու Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանում վկաների հարցաքննությունն է ընթանում:

Հարցաքննվեց ամբաստանյալ Արմեն Գ.-ի հորեղբայրը:

Նա ասաց, թե դեպքի պահին՝ գիշերվա ժամը 1-ն անց 30-ից մինչև 2-ի սահմաններում, ինքը քնած չէր:

«Ղալմաղալի ձեն լսեցի, հայհոյանքներ, մտածեցի՝ իմ հետ կապ չունի, դուրս գամ՝ ի՞նչ անեմ: Ինչի՞ դուրս գամ, երբ զգում եմ՝ լավ հոտ չի գալիս… Բայց երբ մեր բակից ոտնաձայներ լսեցի, մեկը մեր դռան դեմով անցավ, հասկացա, որ եղբորս տնեցիներից մեկի հետ է կապված, դուրս եկա…»:

Ըստ վկայի՝ իրենց դարպասի ներսում՝ նույն բակում, ապրում են իր, եղբոր ընտանիքները և մեկ ուրիշ ընտանիք: Դուրս գալով՝ նա դարպասի մոտ տեսել է եղբոր մեքենան: Տեսել է նաև մի «Նիվա» ու մի «եշկա» «Մերսեդես»:

Հայհոյողների խումբը մեծ է եղել՝ տասից ավելի անծանոթ տղաներ: Նրանցից առավել ակտիվները մոտ վեց հոգի էին, որ կանգնած էին իր եղբորորդի Արմենի դիմաց, հայհոյում էին, «վրա էին գալիս, հորդորում էին»: Այդ մեծ խմբից քիչ հեռու կանգնած էին էլի տղաներ, անկյուններում էլ անծանոթներ էին երևում:

Արմենը մենակ էր այդ ագրեսիվ, հայհոյող տղաների հանդեպ, ովքեր սպառնագին առաջ էին շարժվում, երևի ուզում էին հաշվեհարդար տեսնել:

Ըստ վկայի՝ «Արմենը ձեռքը բարձրացրեց, ձեռքին եղած ատրճանակով օդ կրակեց: Անծանոթ տղաների առաջխաղացումը թուլացավ: Բայց մեկն ասաց. «Պուգաչով ե՞ս վախցնում…»: Մեկ, թե երկու հոգի վազեցին դեպի իրենց մեքենան, մնացածը, չհավատալով, որ Արմենի ձեռքին իսկական զենք է, շարունակեցին առաջ շարժվել՝ կարծես ստուգելու համար… Տեսնելով, որ նրանք առաջանում են, Արմենը մի անգամ էլ գետնին կրակեց: Կրակոցից կայծ գցեց: Հարձակվողները համոզվեցին, որ իսկական զենք է Արմենի մոտ: Էդ ժամանակ ես շուռ էկա, իրանց ասի՝ գնացեք, գնացեք էստեղից, լավ հոտ չի գալիս: Նրանք փախան իրենց մեքենաներով… Հետո լսեցինք, որ մեկը վնասվել է…

Արմենը միտում չուներ ոչ մեկին կրակելու… Մոտեցանք վնասված տղային: Արմենը բարձրացրեց նրան, ասեց՝ կարո՞ղ ես գնալ, նա էլ թե՝ հա: Ու ոտ-ոտ գնաց: Իրենց մեքենաներից մեկը Մայիսի 9-ի փողոցում էր, երևի էդ մեքենան նստեց… Մտքովս չանցավ, թե էդ տղան կրակոցից է վնասվել: Դրա մասին իմացա ոստիկանությունում…

Արմենը հեռացավ: Ես տուն գնացի: Կես ժամ հետո ոստիկանները եկան ու ինձ տարան… »:

Շարունակությունն՝ այստեղ