Հարց իրավաբանին. Որոնք են դատավարական կարգավիճակ չունեցող, սակայն փաստացի ազատությունից զրկված անձանց իրավունքները


16:00 , 24 մայիս, 2014

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով»: Այնուհետև թվարկվում է անձին ազատությունից զրկելու իրավաչափ դեպքերի սպառիչ ցանկը, որոնց թվում է «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու երկու ինքնուրույն միջոցներ` ձերբակալումը  և խափանման միջոց կալանավորումը:

Ձերբակալման ընթացակարգի յուրահատկությունը հաշվի առնելով` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածով անձին ազատությունից զրկելու կառուցակարգը կարող է ընդգրկել որոշակի տևողությամբ սկզբնական փուլ, որի ընթացքում անձը կարող է որևէ դատավարական կարգավիճակ չունենալ՝  պայմանավորված գործող քրեադատավարական օրենսդրության անբավարար որոշակիությամբ:

Մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական վիճակ, որը պայմանականորեն կարելի է անվանվել «բերվածի» կարգավիճակ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ բերվածի իրավական վիճակը համապատասխանում է «քրեական մեղադրանքի» ներկայացման Կոնվենցիոն պահանջին` Եվրոպական դատարանի բովանդակային մեկնաբանմամբ: Ուստի բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով` բերված անձը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով.

ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը

բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին

գ) հրավիրելու իր փաստաբանին

դ) լռելու:

Համապատասխանաբար, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ապահովել բերվածի իրավունքների իրականացումը` բերվածի իրավունքները գրավոր պարզաբանելու, նրան առնվազն մեկ զանգի հնարավորություն ընձեռելու, բերվածի փաստաբանի մուտքը չխոչընդոտելու եղանակներով:

Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: