16:44 , 22 մայիս, 2014
Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին իրականացվում են սադրանքներ, բայց թե ով է այդ սադրանքի հեղինակը, չի նշվում` չնայած այն բանի, որ փաստերի որոշակի համադրումը սլաքները շրջում է կողմերից մեկի ուղղությամբ: Փորձենք ներկայացնել այսօր տեղի ունեցած մի քանի իրադարձություն, որոնք ուղղակիորեն կապված են վերոնշյալ ենթադրության հետ:
Ինչպես հայտնի է, օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հրամայել է հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Սրան առայսօր արձագանքում են Արևմուտքից` տարբեր մայրաքաղաքներից և կառույցներից՝ հիմնականում գնահատելով այդ քայլը որպես կառուցողական: Նշենք, որ այս համատեքստում, այսօր տարածվում է տեղեկատվություն, որ Ուկրաինայի ուժայինները մեծ գրոհ են սկսել Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ, և եթե հավատանք ուկրաինական կողմին, ապա իրենք զգալի հաջողություններն են գրանցում «անջատողականների հետ պայքարում»:
Այժմ հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են երկրի արևելքում իրականացվող հատուկ գործողության «եզրափակիչ փուլին» անցնել: Իսկ մայիսի 21-ին նա հատուկ գործողության` Սլավյանսկի մոտ տեղակայված ռազմական ճամբարում ուժայինների մասնակցությամբ խորհրդակցություն էր վարել: Եվ այս ամենին զուգահեռ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ իրենք դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով, քանի որ ըստ վարչապետի, իրենք ունեն համապատասխան ապացույցներ, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտությունն էսկալացիայի ենթարկելու և դրանով իսկ խափանելու ընտրությունների անցկացումը երկրում:
Բանն այն է, որ երբ համադրում ենք փաստերը, մի տեսակ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ կարծես ոչ թե Ռուսաստանն է սադրում Կիևին կամ էլ խոչընդոտում հակամարտության կարգավորման գործընթացը, այլ` հակառակը: Առաջին հայացքից կարծես լավ նախադրյալներ են ստեղծվում հակամարտության շուրջ առկա լարվածության թուլացման ուղղությամբ, երբ Ռուսաստանը համաձայնում է հետ քաշել իր զորքերը, սակայն, Կիևը, օգտվելով առիթից, որոշում է ինչ-որ «եզրափակիչ փուլի» անցնել իր «հակաահաբեկչական գործողությունների» շրջանակներում:
Հիմա, եթե Ռուսաստանն իր վրդովմունքը հայտնի տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և նույնիսկ փորձի զորք կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, թե´ Կիևը, թե´ Արևմուտքը կրկին կմեղադրեն Կրեմլին հակակառուցողական գործողություններ իրականացնելու մեջ, բայց ախր այս պարագայում համաձայնեք, որ հակակառուցողականությունը դրսևորվում է այլ ուժերի կողմից, որը միանշանակ իր բացասական անդրադարձը կունենա ընդհանուր հակամարտության վրա: