Ինչի՞ կարիք ունես իսկապես երջանիկ լինելու համար


16:00 , 22 մայիս, 2014

Բոլորն էլ ցանկանում են երջանիկ լինել, սակայն ոչ բոլորին է հաջողվում այն ձեռք բերել: Ինչո՞ւ: Շատերը կարծում են, թե գիտեն ինչ է իրենց անհրաժեշտ երջանիկ լինելու համար: Սակայն հետազոտությունները երջանկության մասին բոլորովին այլ, անսպասելի բացահայտումներ են անում: Ահա թե ինչ է անհրաժեշտ իրական, ներքին երջանկությունը գտնելու համար:


 1  Մյուսներին առաջին տեղում դիր

Երբ ընտրում ես անձնազոհ կյանքը ու ժամանակդ նվիրում աշխարհն ավելի լավ տեղ դարձնելուն այն մարդկանց համար, ում սիրում ես, կյանքդ ավելի իմաստավոր ու լուսավոր է դառնում: Ամերիկացի հոգեբան ու Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորջ Վեյլանթը անց է կացրել երջանկության ամենաերկարատև հետազոտությունը` 1939-1944թթ. ուսումնասիրելով  Հարվարդի 237 ուսանողների տևական երջանկությունը: Հետազոտության ավարտին պրոֆեսորը եկել է այն եզրակացության, որ միակ բանը, որը կարևոր է կյանքում, այլ մարդկանց հետ քո հարաբերություններն են: Երբ մտածում ես սրա մասին, հասկանում ես, որ իսկապես ճշմարիտ է ամուր հարաբերություններ կառուցելը մյուսների համար առանց սպասելիքների ինչ-որ բան անելով:
Մի թերագնահատեք մարդկանց հետ ձեր հարաբերությունների կարևորությունը, ու նրանց կյանքը փորձեք ավելի երջանիկ դարձնել, ու երջանկությունը կարտացոլվի ձեր կյանքում:

 2  Ժամանակդ իմաստուն ծախսիր

Ժամանակը ամենաթանկ բանն է աշխարհում, այնպես որ, այն մի ծախսիր այնպիսի բաների վրա, որոնք արժանի չեն դրան: Հետազոտության համաձայն` քո ազատ ժամանակը բալանսավորելը ամենակարևոր բանն է երջանիկ լինելու համար: «Մահացող մարդու 5 ափսոսանքները» գրքի համաձայն` սրանք են այն հիմնական ափսոսանքները, որոնք մարդիկ ունենում են մահանալուց առաջ`

♦ Երանի բավականաչափ քաջություն ունենայի ապրելու ինքս ինձ հավատարիմ կյանքով, ու ոչ թե այն կյանքով, որ ուրիշներն էին սպասում, որ ապրեմ:

♦ Երանի այդքան շատ չաշխատեի:

♦ Երանի քաջություն ունենայի զգացմունքներս արտահայտելու:

♦ Երանի ընկերներիս հետ կապը պահպանեի:

♦ Երանի ինքս ինձ թույլ տայի երջանիկ լինել:

Այս ամենի գլխավոր միտքը այն է, որ մենք մեր ժամանակն ու էներգիան կենտրոնացնենք այն բաների վրա, որոնք կիմաստավորեն մեր ու մեր սիրելի մարդկանց կյանքը:

 3  Իմաստալից ու խորը զրույցները գերադասիր կարճ երկխոսությանը

Հետազոտության համաձայն՝ մեկ այլ բան, որի կարիքն ունես երջանիկ լինելու համար, իմաստալից զրույցներն են և ոչ թե փոքր խոսակցությունները: Հետազոտությունները ցույց են տվել, որ երջանիկ մարդիկ ավելի քիչ ժամանակ են միայնակ անցկացնում, փոխարենը իմաստալից զրույցներ են ունենում` շփվելով մարդկանց հետ: Նույնիսկ եթե ինտրովերտ ես ու չես սիրում շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ շփվելով, մտածիր հարմարավետության քո սահմանից դուրս գալու ու մարդկանց հետ խորը զրույցներ ունենալու մասին: Սա կօգնի քեզ բացահայտելու քեզ համար կարևոր շատ բաների իրական իմաստը:

 4  Հոգ տար առողջությանդ համար

Հայտնի է, որ ֆիզիկական վարժություններն օգտակար են առողջության համար, սակայն այն նաև կարող է չափազանց կարևոր լինել երջանկության համար: 2012թ.-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր կանոնավոր ֆիզիկական վարժություններ են կատարում, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր չեն անում: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն կօգնեն ավելի լավ տեսք ունենալ, այլև ավելի լավ ինքնազգացողություն ունենալ: Եթե ուզում ես ավելի երկար ու ավելի երջանիկ կյանքով ապրել, ուրեմն սկսիր հետևել առողջությանդ, ֆիզիկական վարժություններ կատարիր ու առողջ սնունդ օգտագործիր հենց այսօրվանից:

 5  Պատրաստ եղիր սպասել արդյունքներին

Այսօր հասարակության մեջ մեծ խնդիր կա. այն այնպիսի սերունդ է ստեղծել, որը կարծում է, թե եթե առաջին միլիոնը մինչև 30 տարեկանը չստեղծի, ուրեմն ձախողակ է: Այս սերունդը ցանկանում է  միանգամից հաջող արդյունք ունենալ այն ամենի մեջ, ինչ կձեռնարկի: Ու սա միայն երիտասարդներին չէ, որ վերաբերում է: Մարդիկ այժմ ապրում են մի աշխարհում, որտեղ սպասում են ամեն ինչի միանգամից լինելուն: Այդ իսկ պատճառով ամենակարևոր բաներից մեկը, որ  պետք է հասկանալ, այն է, որ որոշ բաներ շատ ավելի երկար ժամանակ են պահանջում արդյունքը ստանալու համար, քան ծրագրում ես, և պետք պատրաստ լինես այն ճշմարտությանը, որ երբեմն դու չես ստանում այն, ինչ ցանկանում ես: Կյանքն այդպիսին է: Ձախողումն ու տառապանքը անհրաժեշտ են աճի համար: Պատրաստ եղիր շաբաթներ, ամիսներ ու տարիներ աշխատել ուզածիդ հասնելու համար: Արդյունքը վերջում շատ ավելի քաղցր կլինի:

 6  Ժամանակ անցկացրու դրսում

Լոնդոնի տնտեսագիտության ու քաղաքական գիտությունների դպրոցի թիմի 22.000 մարդու հետ անցկացված հարցումները ամենօրյա իրենց երջանկության մակարդակի մասին ցույց է տվել, որ մարդիկ շատ ավելի երջանիկ են իրենց զգում դրսում, բնության գրկում, քան քաղաքային միջավայրում: Նրանք երջանկության համար կատարյալ վայր են համարել հանգստյան օրերին, կեսօրին, արևոտ ու ջերմ եղանակին դրսում, ծովի մոտ զբոսնելը: Դրսում ժամանակ անցկացնելն օգնում է իջեցնել սթրեսի մակարդակը, հանգիստ ու գեղեցիկ միջավայրում շփվել նրանց հետ, ում սիրում ես: Բոլոր այս գործոնները սերտորեն կապված են երջանիկ լինելու հետ:

 7  Մասնագիտանալ նրա մեջ, ինչ սիրում ես

Եթե դեռևս չգիտես, թե ինչ ես ուզում անել կյանքիդ հետ, ահա սկսելու համար հրաշալի քայլ` հասկացիր, թե ինչ ես իսկապես սիրում անել, ու այնուհետև ժամանակ տրամադիր այդ բաներում մասնագիտանալուն: Որքան ավել շատ սովորես այն բաների մասին, ինչը քեզ ոգեշնչում է, այնքան ավելի շատ հնարավորություններ ու փորձառություններ կբացվեն քո օգտին: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս փորձառությունները քեզ ավելի երջանիիկ են դարձնում, քան նյութական կարողությունները: