ՄՀՀ VS ԴԱՀԿ. մարզահամերգայինի աճուրդն անօրինակա՞ն է


21:45 , 21 մայիս, 2014

ՄՀՀ VS ԴԱՀԿ. մարզահամերգայինի աճուրդն անօրինակա՞ն էArmnewsTV.am-ը գրում է.

Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դեմ է աճուրդի հանել շինությունը: Այս մասին սեփականատերերը տարածել են հայտարարություն, որտեղ մեղադրել են Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: Համալիրի ղեկավարությունը վստահ է, որ ԴԱՀԿ-ն պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարել:

«ԴԱՀԿ-ն հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Անհայտ է, թե ո՞ր գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: Պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով»:

ԴԱՀԿ պատասխանը չի ուշացել: Ծառայությունը հայտարարել է, որ իրենց գործողությունները օրինական են և իրավաչափ: Եթե պարտապանի կարծիքով տեղի է ունեցել որևէ օրենքի խախտում, ապա ճիշտ կլինի մատնանշել այն օրենքները և հոդվածները, որոնք, ըստ իրենց` խախտվել են: Մարզահամերգային համալիրը դեռ պատասխան հայտարարությամբ չի արձագանքել ԴԱՀԿ-ին: Բայց հայտնել են, որ մայիսի 13-ին Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել ԴԱՀԿ աշխատակիցների պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել` գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում: Մինչդեռ ԴԱՀԿ-ն շտապել է ու շենքը հանել օնլայն աճուրդի:

ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է, և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի:

ԴԱՀԿ-ն սպասում է Մարզահամերգային համալիրի հստակ մեղադրանքներին ու հիշեցնում է, որ Առաջին ատյանի դատարանի կատարողական թերթի համաձայն` պետք է մարզահամերգային համալիր ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 միլիարդ 207 միլիոն755 հազար 909 դրամ, բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Մարզահամերգային համալիրի վրա: Փորձագետի եզրակացությամբ` համալիրը գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն դրամ: էլեկտրոնային աճուրդում առաջարկներ դեռ չկան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ