Ձուկը գլխից է հոտած


17:03 , 21 մայիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Հանրությանը հայտնի վերջին մի քանի ապօրինի և անարդար կարգալուծությունների դեպքերը, որոնք կատարվեցին Մայր Աթոռի առաջարկությամբ և Գարեգին Բ կաթողիկոսի հավանությամբ, արդեն լցրել են հավատացյալ ժողովրդի համբերության բաժակը:

Մյուս կողմից էլ հասկանալի է նման վրդովմունքի ու պոռթկումի պատճառը, քանի որ եկեղեցական ծառայությունից բռնի կերպով և քմահաճորեն հեռացվում են տարիների վաստակ ունեցող և ժողովրդային սեր ու համակրանք վայելող նվիրյալ հոգևորականները:

Այս ամենի կողքին դեռևս շարունակում են «հոգևորական» մնալ այնպիսի անձինք, որոնք իրենց պահվածքով և եկեղեցականին անհարիր գործելաոճով օրըստօրե ավելացնում են հանրության հիասթափությունը` նրանց կամա թե ակամա մղելով աղանդների գիրկը:

Ցավալի է ամեն անգամ տեսնել, որ Մայր Աթոռը երբևէ չի անդրադառնում այդ խնդիրներին, և նման եկեղեցականներին պատժելու գործընթաց տեղի չի ունենում: Մնում է մտածել, որ կաթողիկոսը չի կարող կամ, առնվազն, չի ուզում «մաքրել» իր շրջապատը, որը մեծ մասամբ ինքն է աճեցրել: Այստեղ տեղին է հիշել իմաստուն ասացվածքը, թե` «Ձուկը գլխից է հոտած»:

Ահա երկու օր առաջ էլ հայկական ֆեյսբուքի տիրույթում մի էջ է բացվել` «Պահանջում ենք դադարեցնել հոգևորականներին անհիմն կարգալույծ անելը» վերնագրով: Շուրջ 300 անդամ ունեցող նորաբաց այս էջի ղեկավարությունը թողել է հայտարարություն` նշելով, որ էջը հավանողների «մեծ մասը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամներ են, և հասկանում են հարցի լրջությունը, և որ այդ պահանջը Եկեղեցու դեմ չէ, այլ նպատակ ունի ավելի զորացնելու այն: Եկեղեցին չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ կարգալույծ անելով տասնյակ (եթե ոչ` հարյուրավոր) հոգևորականների: Յուրաքանչյուրի գործը պետք է մանրամասն քննվի համապատասխան հանձնաժողովի կողմից, և ոչ թե լինի միանձնյա կամ կողմնակալ որոշում»:

Իսկ հոգևոր երգերի մեկնաբան, օպերային երգիչ (բարիտոն), հանրապետության նախագահի 2007 թ. «Երգեցողություն» անվանակարգի մրցանակակիր Ասատուր Բալջյանը, ով ոչ վաղ անցյալում աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում, ինչպես նաև եղել է Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբի անդամ եւ ապա` Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս, միացել է համընդհանուր բողոքին` թողնելով ֆեյսբուքյան գրառումներ:

Մոսկվայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս քհն. Բերբերյանի անհիմն կարգալուծության առնչությամբ նա գրում է. «Այս քահանային ձեռնադրելուց առաջ իմացել են, որ բիզնես ունի, և համաձայնել են ձեռնադրել: Տիրան արքեպիսկոպոսին հաջորդեց Եզրաս Ներսիսյանը, ում աչքի առաջ տարիներ շարունակ ծառայում էր այս հոգևորականը։

Հարց 1. Իսկ ինչո՞ւ որոշեցին հիմա կարգը առնել: Հարց 2. Մի՞թե այսքան տարի հանդուրժելի էր, իսկ հիմա ո՞չ: Հարց 3. Մի՞թե վերադասը նոր է իմանում: Հարց 4. Ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում` եկեղեցականին «անհարիր վարք» ասելով: Խնդրում եմ նշել ուղեցույցը որ «աչքի պոչով» մենք էլ ձեր «բոյը» չափենք` Նոր Կտակարա՞ն, Գործք Առաքելո՞ց, Վարք Հարա՞նց, Ներսես Մեծի՞, թե՞ Տաթևացու կանոններով»:

Ապա խոսքը ընդհանրացնելով` Ասատուր Բալջյանն ավելացնում է. «Ես զարմանում եմ մեկ այլ հանգամանքի վրա։ Ապագա հոգևորականները սկզբից ընդունվում են ճեմարան, ուր վեց տարի սովորում են, հետո երկու տարի բանակում ծառայում կամ փորձաշրջան անցնում։ Յուրաքանչյուր ուսանող մինիմում ութ տարի վերադասի աչքի առաջ ամեն օր ուսում է ստանում ու իր ծառայությունն է բերում: Ութ տարի հետո վերադասը գտնում է, որ պատրաստ է ձեռնադրության և ձեռնադրում է: Չանցած երկու-երեք տարի` կարգը հետ են առնում` ասելով «անարժան է»։

Լավ` ո՞ւր է տրամաբանությունը: Նախ պետք է պատժել տեսուչներին և անմիջական պատասխանատուներին ՝ վերադասին խաբելու և ճիշտը ոչ արժանիների մասին թաքցնելու համար։ Բայց սա ամենը չէ: Պետք է հստակեցնել կարգը առնելու համար ուղեցույցը, այլ ոչ թե անձնական համակրանք-հակակրանքով կամ օրվա տրամադրությունից ելնելով առաջնորդվել»: