14:49 , 21 մայիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Աշխարհի շատ երկրներում, հատկապես Արևմուտքում, վաղուց արդեն հոգեկան առողջությանը հետևելը, հոգեբանին այցելելն ընդունված մշակույթ է: Մեր երկրում պատկերը բոլորովին այլ է: Մասնագետները նշում են, որ թեպետ փոփոխություն նկատելի է, սակայն հոգեբանին այցելելու մշակույթը ցածր մակարդակի վրա է: Թեմային շուրջ Life.panorama.am-ը զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ:
-Պարոն Խուդոյան, ի՞նչ հատկանիշներով կարող ենք բնութագրել հոգեկան առողջությունը կամ ի՞նչ ենք հասկանում հոգեկան առողջություն ասելով:
-Հոգեկան առողջությունը կարելի է բնութագրել մի քանի հատկանիշներով: Նախ` հոգեկան բարեհարմարության վիճակն է կամ ադապտացված լինելը: Այն է՝ հոգեկան առողջ մարդու մոտ համակարգը հնարավորություն է տալիս հարմարվել կյանքին և հարմարեցնել իր պահանջմունքները: Բացի այդ, հատկանիշներից նշենք իրականությանը համարժեք արձագանքելը և բնականաբար հոգեկան ներդաշնակությունը: Եթե այս հատկանիշները կան, ուրեմն կարելի է խոսել հոգեպես առողջ մարդու մասին: Սրանցով կբնութագրեի մարդու հոգական առողջությունը:
-Մարդը ի՞նչ նախանշաններից կարող է հասկանալ, որ հոգեկան առողջության հետ կապված իրապես խնդիր ունի:
-Նախ, եթե մարդու մոտ եղած բացասական հույզերը կապված չեն ինչ-որ իրադարձությունների հետ, այսինքն՝ դրանք ի հայտ են գալիս իրենք իրենց և տևում են երկար, տևական ժամանակ չեն անցնում: Դրանք վկայում են, որ անձի մոտ ինչ-որ բան այն չէ: Եվ շատ դեպքերում անձի մոտ նման խնդիրը նկատում են ընկերները հարազատները, բայց ոչ ինքը: Եվ այդ ժամանակ տվյալ մարդու վարքում ոչ ադեկվատություն է հանդես գալիս: Այսինքն՝ համարժեք չի արձագանքում կամ պահվածք չի դրսևորում երևույթին, իրավիճակին և ինքն էլ դա չի զգում: Դա կարող է դրսևորվել օրինակ, իրավիճակին ոչ համարժեք ծիծաղով և այլն:
-Մասնագետները հաճախ բարձրաձայնում են, որ հիվանդները երբեմն ինքնաբուժությամբ են զբաղվում: Արդյո՞ ք այս մոտեցումը հոգեկան առողջության խնդիրների պարագայում նույնպես գործում է:
-Նման դեպքեր լինում են, սակայն հոգեկան առողջության խնդիրների պարագայում մի փոքր պատկերն այլ է: Բանն այն է, որ հոգեմետ դեղերը ազատ չեն վաճառվում, որ անձը ցանկացած ժամանակ ինչ-որ մեկի խորհրդով ձեռք բերի և խմի: Հիմնականում տագնապների, լարվածության ժամանակ բուսական, հանգստացնող դեղամիջոցներ են օգտագործում, բայց դա թեթև դեպքերի ժամանակ: Իսկ երբ հոգեկան առողջության լուրջ խնդիրներ կան, այդ դեպքում պետք է դիմել բժշկին: Այս պարագայում ինտերնետով ինչ-որ բան կարդալով, այստեղից այնտեղից լսելով քայլեր անելը կարող է հանգեցնել կործանման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ