Դմիտրի Մեդվեդևը Bloomberg-ին տված հարցազրույցում առաջ է քաշում երեք սկզբունքային մոտեցում


14:50 , 21 մայիս, 2014

Ռուսաստանը՝ ի դեմս վարչապետի հերթական ուղերձն է հղում Արևմուտքին և Կիևին՝ պայմանավորված Ուկրաինական ճգնաժամով: Երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարզացրույց է տվել Bloomberg հեռուստաընկերությանը և անդրադաձրել մի շարք հարցերի: Պատասխանելով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում չի կրկնվի Ղրիմի հետ կատարվածը, Մեդվեդևը շատ հստակ ներկայացրել է ՌԴ ընդհանրական դիրքորոշումը՝ ասելով հետևյալը. «Մենք որևէ մեկին որևիցե բան երաշավորել չենք պատրաստվում, քանի որ նախկինում էլ ոչ մի պարտավորություն մեզ վրա չենք վերցրել: Ավելի ճիշտ կլիներ, եթե մեր գործընկերները՝ այդ թվում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, իրենք հանդես գային երաշխիքներով: Լավ կլիներ, եթե նրանք երաշխավորեին, որ չեն խառնվի Ուկրաինայի ներքին գործերին, Ուկրաինան չի ներքաշվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, որ երկրի արևելքում ապրող մարդիկ չեն կորցնի ռուսերեն խոսելու հնարավորությունները, որ ինչ-որ խենթ «Աջ սեկտոր» հանկարծ չի գա ու չի սկսի նրանց կոտորել»:

Ռուսաստանը սրանով շատ պարզ տեքստով ասում է, որ իր դիրքորոշումը Ուկրաինական հակամարտության լուծման վերաբերյալ բնավ չի փոխվել: Ընդամենը մեկ պարբերության մեջ Մեդվեդևը առաջ է քաշում երեք սզբունքային մոտեցում:

Առաջին հերթին նա հերթական անգամ մեղադրում է Արևմուտքին Ուկրաինական ճգնաժամի խորացման և ընդլայնման համար: Երկրորդ և երրորդ կետով մատնանշում է Ռուսաստանի վաղուց հնչեցրած տեսլականը խնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպես հասկացաք, երբ խոսվեց ռուսների անվտագության, ընդորում, թե՛ ֆիզիկական, թե´ լեզվամշակութային առումով, ՌԴ վարչապետը ակնարկեց երկրի դաշնայնացման կարևորությունը, ինչպես նաև ռուսաց լեզվի պատշաճ դերն ու տեղը օրենքով ամրագրելու անհրաժեշտությունը: Մեդվեդև նաև հասկացնել տվեց, որ Ուկրաինայի` որպես չեզոք երկիր լինելը, ևս անվերապահ պայման է հակամարտության կարգավորման համար, երբ մեղադրեց Արևմուտքին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ ներքաշելու մեջ:

Կարճ ասած՝ ստացվում է այսպես (ըստ Ռուսաստանի)` մենք մեր դիրքորոշումը չենք փոխել և մեր կողմից առաջ քաշված սկզբունքներն անսակարկելի են: Ճգնաժամը կհանգուցալուծուվի այն դեպքում, երբ հաշվի կառնվեն Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս հանգամանքները:

Ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը մեծ հաշվով դեմ էլ չի լինի, եթե Ուկրաինան «ասոցացվի» ԵՄ-ի հետ: Իհարկե, դա անցանկալի կլինի, քանի որ Ռուսաստանի գերնպատակը Ուկրաինան Եվրասիական միության մեջ տեսնելն է, սակայն առավել կարևոր է, որ այդ երկիրը ոչ մի դեպքում չհայտնվի ՆԱՏՕ-ի կազմում, որն ինչքան էլ նույն ինքը ՆԱՏՕ-ն կամ էլ բազմաթիվ արևմտյան փորձագետներն հերքում են, բայց եղել է և մնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդը: Այնպես որ, առայժմ լուծումը միայն սա է: Դժվար է ասել՝ Ռուսաստանն ի վերջո կկարողանա, պայմանականորեն ասած, հաղթել այս պայքարում, թե` ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ առայժմ, համենայնդեպս, չի պարտվում…