18:12 , 20 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Առաջին անգամ Մինսկի խումբը բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն պետք է փոխվի, որովհետև խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը. այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նման եզրահանգման գալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ապա արդեն Մինսկի խմբի նույնաբովանդակ հայտարարությունից։
«Ջեյմս Ուորլիքը բավական հետաքրքիր հայտարարություն արեց: Առաջին. որ, ըստ էության, ստատուս-քվոն այլևս խոչընդոտում է Արցախյան հակամարտության լուծմանը։ Երկրորդ. որպես ճանապարհային քարտեզ առաջարկվում էր նախ տարածքների վերադարձմանը տալ առաջնահերթություն, իսկ այդ տարածքները բնորոշվում էին որպես օկուպացիոն, ապա՝ կամարտահայտության հարցը: Ճիշտ է, նա ներկայացրեց դա որպես իր պետության մասնավոր դիրքորոշում, բայց շատ կարճ ժամանակ հետո Մինսկի խումբը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ և գրեթե բառացիորեն կրկնեց այն, ինչ կար ամերիկյան համանախագահի հայտարարության մեջ»,-նշեց նա։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ արդեն առաջին պլան է մղվում հենց այն ձևաչափով, որ, իրենց իսկ բնորոշմամբ՝ «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն։
«Չափազանց վտանգավոր մոտեցում է. աշխարհի ուժեղներն այսօր իրար հետ հարցեր են լուծում, այդ հարցերը լուծվում են Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում, Արևելյան Եվրոպայում, և կարծես թե պատերազմական գործողությունների դաշտն ինչ-որ տեղ կամաց- կամաց տեղափոխվում է մեր տարածաշրջան»,-նկատեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ