21:16 , 20 մայիս, 2014
19-ամյա Դեննի Բոումենը թողել էր դպրոցը և վեց ամիս անընդմեջ տանից դուրս չէր գալիս: Տղայի միակ ցանկությունն էր իդեալական սելֆի անելը: Դեննին օրեկան 10 ժամ էր ծախսում լուսանկարներ անելու համար: Քանի որ նրա մոտ ոչինչ չէր ստացվում, Դեննին հուսահատված որոշեց հեռանալ այս կյանքից:
Դեննի Բոումենին կարելի է համարել եթե ոչ աշխարհի, ապա Մեծ Բրիտանիայի առաջին սելֆի-թմրամոլը: Ներկայումս նա թերապիայի միջոցով փորձում է նորմալ կյանքի վերադառնալ: Դեննիին բուժում են թմրամոլությունից և դիսմորֆիկ խանգարումից: Տղան արդեն ամեն ինչ գիտակցել է: Նա հասկանում է, որ կորցրել է թե՛ իր ընկերներին, թե՛ ընտանիքը և թե՛ ուսումը:
Դեննիի խոսքերով, իրեն միակ հուզող հանգամանքն այն է, որ իր հեռախոսը միշտ լինի իր կողքին: Նա ոչ ոքի չի ցանկանա անցնել նման փորձությունների միջով:

15 տարեկանում Դեննին իր լուսանկարները տեղադրում էր Facebook սոցցանցում, ընկերները մեկնաբանություններ էին թողնում: Սակայն երեխաները երբեմն չափազանց դաժան են լինում: Ինչ-որ մեկը գրել էր Դեննին, որ նա շատ մեծ քիթ ունի, մյուսը գրել էր, որ վատ մաշկ ունի:
Այդ հաղորդագրություններից հետո տղան սկսեց ավելի ու ավելի շատ սելֆիներ անել՝ ցանկանալով ստանալ իր ընկերների դրական արձագանքները:

2011թ.-ին Դեննին որոշեց մոդել դառնալ, բայց գործակալությունում նրան ասացին, որ համապատասխան կազմվածք չունի և մաշկը լավ վիճակում չէ: Դա տղայի համար ճակատագրական հարված եղավ: Հենց այդ օրվանից ի վեր Դեննին սկսեց անդադար սելֆիներ անել: Այնուհետև նա դադարեց դպրոց հաճախել՝ սելֆիներն ավելի կատարելագործելու համար: Լուսանկարները չէին ստացվում, և Դեննին որոշեց դեղահաբեր կուլ տալ: Բարեբախտաբար, մայրը կարողացել էր ժամանակին հասնել և տանել հիվանդանոց:

Երբ նա արթնացավ, հասկացավ, որ ցանկանում է ձեռքը հեռախոս վերցնել և հերթական սելֆին անել: Այդ պահին նա գիտակցեց, որ հիվանդ է: Վերջին 7 ամիսների ընթացքում Դեննին ոչ մի սելֆի չի արել: Նա խոստովանում է, որ թմրամոլ է եղել և ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել և այլևս երբեք ուրիշի կարծիքից կախված չի լինի: