Ադրբեջանը Ռուսաստանի և Արևմուտքի հետ երկակի խաղ է խաղում


16:45 , 19 մայիս, 2014

Պոստսովետական տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում Ադրբեջանը երկակի խաղ է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Մենք Ադրբեջանի կողմից բազմիցս լսել ենք, որ իրենք ոչ մի մտադրություն չունեն անդակամակցելու ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինին, ո՛չ էլ, առավել ևս, ԵՄ-ին: Բնականաբար, խոսվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման վերաբերյալ, սակայն ինտեգրման մասին երբեք խոսք չի լինում: Ասեմ ավելին, նույնիսկ վերջերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ իրենք երբեք նպատակ չեն ունեցել ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր: Վերջինս դա պատճառաբանել էր իբր Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման «անհավասար, ասել է թե, ասիմետրիկ պայմաններ: Մամեդովն ասել էր, որ իրենք ձգտում են ԵՄ-ի հետ կնքել ռազմավարական համաձայնագիր, որում կողմերը կլինեն հավասար դիքերում: Այսօր, սակայն, Ադրեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարն այնպիսի հայտարարություն է արել, որին, կարծում եմ՝ հարկ է անդրադառնալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն անդրադարձել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի սպասվելիք այցին Ադրբեջան, ինչպես նաև նշել, որ Բարոզուն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի և հատկապես Ադրբեջանի հանդեպ: Սա, ինչպես ասում են, հայտարարության դեռ քիչ թե շատ անմեղ կողմն է, բայց եվրոպացի դիվանագետը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերի վերաբերյալ: Մալենա Մարդն ասել է, որ ներկայումս ԵՄ-ն Ադրբեջանի հետ բանակցում է ինչպես Ասոցացման պայմանագրի, այնպես էլ մեկ այլ կարևոր փաստաթղթի ստորագրման շուրջ:

Փաստորեն, եթե հավատանք ԵՄ բարձրաստիճան դիվանագետին, ում այս դեպքում չհավատալու ոչ մի պատճառ, ըստ էության, չկա, ապա Ադրբեջանը կուլիսների ետևում սուս-փուս հակառուսական քաղաքականություն է տանում: Սա շատ կարևոր հանգամանք է, որին հաստատ դեռ կանդրադառնան ինչպես ադրբեջանցի պաշտոնյաները, այնպես էլ, թերևս, ռուսները: Ադրբեջանը մի կողմից հայհոյում է Եվրոպային, իսկ մյուս կողմից գաղտնի բանակցում վերջինիս հետ:

Ինչևէ, դժբախտաբար, նման պայմաններում Ռուսաստանը կարող է և օգտագործել Արցախյան հակամարտությունը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, ասել է թե, որոշակի բախումներ հրահրել հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Կարծում եմ՝ այս ամբողջ գործընթացում մեզ համար պետք է հենց այս հանգամանքն առաջնային լինի, այլ ոչ թե Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսը որպես այդպիսին: Սա իրենց գործն է, բայց հուսանք, որ իրենց «գործը» մերը ևս չի դառնա: Այլ կերպ ասած՝ հուսանք, որ մենք զերծ կմնանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում դրան ներգրավվելուց: