Հարց իրավաբանին. Որքա՞ն են կազմում շինությունների գույքահարկի դրույքաչափերը


20:00 , 19 մայիս, 2014

Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

×          մինչև 3 մլն դրամը ներառյալ հարկման բազայի դեպքում `  հարկման բազայի 0 տոկոսը,

×          3 մլն դրամից մինչև 10 մլն դրամը ներառյալ հարկման բազայի դեպքում` 100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը

×          10 մլն դրամից մինչև 20 մլն դրամը ներառյալ հարկման բազայի դեպքում ` 7,100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

×          20 մլն դրամից մինչև 30 մլն դրամը ներառյալ հարկման բազայի դեպքում ` 27,100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

×          30 մլն դրամից մինչև 40 մլն դրամը ներառյալ հարկման բազայի դեպքում` 67,100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

×          40 մլն դրամից ավելի հարկման բազայի դեպքում `  127,100 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը:

Շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը: Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված (վերագնահատված) արժեքը հիմք է ընդունվում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների համար հարկման բազան որոշելու նպատակով՝ բացառությամբ նոր առաջացած, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված շինությունների, որոնց հարկման բազան որոշվում է վերը նշված կարգով, որը հարկման առումով հիմք է ընդունվում մինչև շինությունների համար սահմանված հաջորդ գնահատումը (վերագնահատումը):

Նոր առաջացած են համարվում գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև շինությունների հաջորդ գնահատումը (վերագնահատումը) ընկած ժամանակաշրջանում շինությունների ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառնական (բնակելի, հասարակական, արտադրական) նշանակության փոփոխությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

 Նելլի Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

 Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: