Պատասխանատվություն է կրում այն անձը, ով հանցագործություն է կատարել. Հովհաննես Սահակյան


14:10 , 19 մայիս, 2014

21in.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահ է՝ Վերնիսաժի դեպքերի մեղավորները կպատժվեն, քանի որ Հայաստանն իրավական պետություն է: Սահակյանը չի կարծում, թե իրականության բացահայտմանը կարող է խանգարել այն հանգամանքը, որ մեղավորներից մեկը պատգամավորի մերձավորներից է՝ փեսան: Պատգամավորը համոզված է, որ փեսայի արարքի համար պատգամավորը՝ Կարո Կարապետյանը, չպետք է պատասխանատվություն կրի. այդ պատասխանատվությունը պետք է կրի հենց հանցանքը կատարողը:

«Հետևանքը քաղաքական է, դուք խոսում եք օրենքի մասին: Հանցավորության համար պատասխանատվություն է կրում այն անձը, ով հանցագործություն է կատարել: Այն, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվություն կրեց (երբ իրեն պատկանող ռեստորանային համալիրում սպանվեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանը- հեղ.), դա քաղաքական որոշում էր: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա թող այդ խմբակցությունը և քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնեն»,- ասաց նա:

Սահակյանը հակադարձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե իրավապահ համակարգը սկսում է գործել միայն ԲՀԿ ներկայացուցիչների մերձավորների հետ կապված դեպքերում:

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս ԲՀԿ ներկայացուցչի հետ կապված որևէ գործ չի հարուցվել, աղմկահարույց՝ մանդատներ վայր դնելու խնդիր չի եղել: Նա Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ տվեց հետևել քաղաքական անցուդարձին, նաև քաղաքական մշակույթ ձևավորելու ճանապարհին համապատասխան որոշումը քննարկել իրենց թիմում: «Օրենքի առջև հավասար են բոլորը»,- համոզմունք հայտնեց Սահակյանը: