ԲՀԿ-ի լոյալությունը կառավարության նկատմամբ ակնհայտ է


10:45 , 19 մայիս, 2014

Մի քանի օր առաջ ԲՀԿ առաջնորդն իր սեփական օգտագործման հեռուստաալիքին տվեց հարցազրույց, որը որոշ կայքերում վերնագրվեց «բացառիկ հարցազրույց»: Չեմ ուզում անդրադառնալ հարցազրույցում կարդացված խոսքերին. նման խոսքեր հա էլ լսում ենք ու արդեն նորություն չեն և նույնիսկ հոգնել ենք…Չեմ ուզում խոսել կառավարության նկատմամբ ԲՀԿ-ի լոյալության մասին. դա ակնհայտ է…Ծառուկյանը առանձնակի շեշտադրումով կարդաց մի արտահայտություն. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»: Հարցազրույցը նախապատրաստող խումբը հավանաբար դա համարում էր հենց այդ ներկայացվող տեքստի մեխը…Ինչևէ…
Իհարկե՛, համաձայն եմ…Որովհետև բարեկամությունն ազնիվ կատեգորիա է, մարդկային, վեհ, երկկողմանի պարտավորեցնող կատեգորիա, կամ ավելի շուտ զգացում: Իսկ քաղաքականությունը, ինձ թվում է, բոլորը գիտեն, թե ինչ է, և բացառությունները չհաշված, գիտենք՝ ովքեր են հիմնականում զբաղվում քաղաքականությամբ…Սակայն թե՛ քաղաքականությունը, թե՛ բարեկամությունը մեր օրերում, հայկական ներկա իրականությունում ենթարկվել են մուտացիայի և տառապում են «հայկական հիվանդությամբ», խնամի, ծանոթ, ընկեր հենքի վրա…
Հայաստանում բարեկամությունը ոչ միայն քաղաքական կատեգորիա է, այլ նաև քաղաքականության շարժիչ ուժն է, գեներատորը, նույնիսկ քաղաքականության փարոսը, ֆլյուգերը, ուղղության ցուցիչը…Եվ ամեն ինչը…
Հայաստանում արեգակն էլ, լուսինն էլ, գիշերն ու ցերեկն էլ, եղանակն էլ, մի խոսքով, ամեն ինչ ծանոթով է…Առանց ծանոթի ոչինչ չես կարող անել, ոչնչի չես հասնի, առանց ծանոթի դու ոչինչ ես…Բացառությամբ, եթե դու այդ պահին իրենց պետք ես…
Դիֆուզիայի օրենքով խառնված են պետական, քաղաքական, մասնավոր գործունեությունն ամբողջությամբ` խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամություն, հարազատից մինչև սիրուհի…Ներթափանցվել են, սերտաճել, շատ են խառնվել` առանց կատեգորիաների իմաստը հասկանալու…Չափից շատ…