22:06 , 17 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոստացել է օգնել սոցիալապես ծանր վիճակում գտնվող նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին՝ 12-ամյա աղջկա՝ Կարինե Ալումյանի բուժման հարցում, ով առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց աղջկա հայրը՝ Արմեն Մուրադյանի հրավերով այսօր եղել են նախարարությունում և զրուցել նախարարի հետ:
«Նախարարը լավ ընդունեց, ասացինք, թե երեխան ինչ հիվանդություն ունի, զանգեց ու հանձնարարական տվեց Արաբկիրի մանկական հիվանդանոցի տնօրենին, հետո Գենետիկայի կենտրոն զանգեց և հանձնարարեց, որ երեխայիս ամբողջությամբ հետազոտեն ու պարզեն, թե ինչ հիվանդություն ունի: Նա ասաց, որ պետք չի՝ երկրից գնանք, չհուսահատվենք, ասաց՝ մենք ձեր կողքին ենք, ու եթե հանկարծ Գենետիկայի կենտրոնում հետազոտեն, ու պարզենք, որ չենք կարող երեխային Հայաստանում բուժել, ապա բուժման կուղարկենք արտասահման»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտել էր Tert.am-ը՝ 12-ամյա Կարինե Ալումյանը լուրջ հոդային խնդիրներ ունի, ոտքերն ու ձեռքերը ուռչում են: Նրա մայրը՝ Կարինե Նասիբովան, տեղեկացրել էր, որ Հայաստանում չեն կարողանում հիվանդությունը հստակ ախտորոշել, իսկ սոցիալական ծանր պայմանների պատճառով չեն կարողանում համապատասխան բուժում ապահովել երեխայի համար:
Մխիթար Ալումյանը նշեց, որ նախարարը խոստացել է, որ երկուշաբթի նախարարության աշխատակիցներից կզանգեն ու կտեղեկացնեն, թե ուր պետք է գնան և ինչ անեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ