17:01 , 16 մայիս, 2014
Ճապոնիան կրկին անհանգիստ է և երկընտրանքի առջև: Այդ երկրի պահպանողական վարչապետ Սինձո Աբեն հերթական անգամ բարձրաձայնել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցը: Այս մարդը վարչապետ դառնալուց ի վեր մշտապես բարձրաձայնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը, և հիմնական առաջարկը եղել է և մնում է «Կոլեկտիվ ինքնապաշտպանության» մասնակցելու արգելքը հանելը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում ընդունված սահմանադրության համաձայն` այդ երկիրը չի կարող մասնակցել միջազգային որևէ առաքելության և իր ռազմական հնարավորությունները բացառապես կարող է օգտագործել ինքնապաշտպանության նպատակով, որոնք էլ իրենց հերթին բավականին սահմանափակ են:
Այս կապակցությամբ Աբեն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մասնավորապես հետևյալը. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան իրեն դրսևորել է որպես խաղաղասեր երկիր: Մենք այսուհետ ևս այդ ճանապարհից չենք շեղվի: Բայց մենք չենք կարող պաշտպանել մեր խաղաղ կյանքերը զուտ հայտարարելով, որ մենք խաղաղասեր երկիր ենք: Մեր՝ այսպես ասած խաղաղասեր կյանքերը կարող են հանկարծակի վտանգվել: Կարո՞ղ է որևէ մեկը երաշխավորել, որ նման բան չի լինի: Կարծում եմ՝ մենք որպես կառավարություն պետք է նախօրոք հոգանք այս խնդրի մասին»: Վարչապետը խոսքում ակնարկել է, թե որտեղից կարելի վտանգ ակնկալել` անդրադառնալով Չինաստանի աճող ինքնավստահությանը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի` միջուկային երկիր լինելուն:
Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ Ճապոնիայի վարչապետը առիթը բաց չի թողնում խոսելու համար այս թեմայից, երկրի ներսում չկա ընդհանուր ըմբռնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մարդիկ միանշանակ չեն արձագանքում: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է նաև ասել, որ հասարակական կարծիքը կամաց-կամաց կարող է և փոխվել` ելնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներից: Այսօրվա դրությամբ իրոք չափազանց մեծ լարվածություն կա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և այս լարվածության համար պատասխանատուները հիմնականում Հյուսիսային Կորեան ու Չինաստանն են, իսկ առաջին հերթին հենց Չինաստանը, ով ում հետ ասես տարածքային վեճ ունի՝ ներառյալ Ճապոնիան:
Այնպես որ, մոտ ժամանակներս Աբեն գուցեև հասնի իր երազանքին, սակայն Չինաստանն էլ իր հերթին այդ քայլը հաստատ անպատասխան չի թողնի: Ի վերջո, այդ երկրները մշտապես եղել են մրցակիցների տվյալ տարածաշրջանում և դեռ ոչ վաղ անցյալում անցել են պատերազմի միջով, որի հետևանքներն առայսօր չեն վերացել (Ճապոնիան մինչ այժմ ներողություն չի խնդրել Մանչուրիան գրավելու համար): Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչպես դեպքերը կզարգանան ճապոնա-չինական հարաբերությունների շուրջ, լարվածության գագաթնակետին դեռ չեք հասել: Ինչ խոսք, լավ կլինի, որ, իհարկե, չհասնենք էլ, բայց դա արդեն քիչ հավանական է: