16:36 , 16 մայիս, 2014
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Նվեր կամ ժառանգություն ստացած գույքը ամուսինների ընդհանուր գույք չի համարվում, քանի որ տվյալ դեպքում բացակայում է ամուսինների համատեղ ներդրումը գույքը ձեռք բերելու հարցում:
Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է` բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների:
Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականությունը, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Օրինակ՝ կինը մինչև ամուսնանալը ունեցել է մեկհարկանի բնակելի տուն, իսկ ամուսնությունից հետո տղամարդը, իր անձնական գույքի հաշվին կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրում կատարելով, բնակելի տանը ավելացրել է երկրորդ հարկ: Տվյալ դեպքում բնակելի տունը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականություն:
Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
Կարեն Տոնոյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին: